Երևանում 2013թ. մարտի 1-2-ին տեղի ունեցավ 12-րդ միջազգային Կովկասյան զբոսաշրջային ցուցահանդեսը (Caucasus Travel Show, CTS): Այս տարվա ցուցահանդեսին մասնակցում էին ավելի քան 75 տուրիստական կազմակերպություններ, որոնցից 58-ը` ՀՀ 11 մարզերից: Երկօրյա միջոցառման կազմակերպիչներն ակնկալում են այցելուներ Թուրքիայից, Վրաստանից, Հունաստանից, Եգիպտոսից, Արգենտինայից, Արաբական Միացյալ Էմիրություններից և Հայաստանի տուրիստական ոլորտով հետաքրքրված այլ երկրներից: Ցուցահանդեսին մասնակցում է նաև Զբոսավարների համաշխարհային ֆեդերացիայի նախագահ Ֆելիսիթաս Վրեսինգը: Վրեսինգը WFTGA փոխնախագահ, կրթական դեպարտամենտի ղեկավար Վիլյա Սիբիի հետ միասին մինչև 2013թ. մարտի 3-ը տեղում հանդիպումներ կունենան ու կքննարկեն Հայաստանում զբոսավարների միջազգային կրթական կենտրոն հիմնելու հնարավորությունը:
Ինչպես Երևանում նշել է Ֆելիսիթաս Վրեսինգը ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանի հետ համատեղ մամլո ասուլիսում, առաջարկներ ներկայացնելու և վերջնական որոշում կայացնելու համար կազմակերպության տնօրենների խորհրդին կպահանջվի 8 շաբաթ: «Նման կենտրոնի ստեղծման նպատակն է միջազգային կարգի զբոսավարների պատրաստումը»,-ասել է նար՝ հավելելով, որ այդ կենտրոնում կուսանեն ոչ միայն տեղի մասնագետները, այլ նաև ուսանողներ տարբեր երկրներից:
Իր հերթին Մեխակ Ապրեսյանը նշել է, որ կենտրոնի ստեղծումը կբարձրացնի Հայաստանի վարկանիշը համաշխարհային զբոսաշրջային ոլորտում:
2013թ. մարտին Հայաստան կայցելեն Զբոսաշրջային գիդերի ասոցիացիաների համաշխարհային ֆեդերացիայի (WFTGA) նախագահ Ռոզալինդ Նյուսլենդսն ու նրա տեղակալը: Հյուրերը հրավիրվել են քննարկելու համար Հայաստանում գիդերի ուսուցման ու վերապատրաստման տարածաշրջանային կենտրոն բացելու հնարավորությունը:
2012թ. Հայաստանում երկու միջազգային սեմինար է անցկացվել, ինչը լավ նախադրյալ է հանրապետությունում գիդերի պատրաստման տարածաշրջանային կենտրոն բացելու համար: / Աղբյուրը՝ PanArmenian.net