Տուրիստական գաղափարների մրցույթ Վանաձորում
Մրցույթի իրականացմանն աջակցում է «Եվրամիությունը Բիզնեսի համար» (EU4Business) «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը
Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (EIF), ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի և Լոռու մարզպետարանի հետ համատեղ հայտարարում է «Հայաստանում զբոսաշրջության զարգացման ուղղված գաղափարների» մրցույթ:
Մրցույթի իրականացմանն աջակցում է «Եվրամիությունը Բիզնեսի համար» (EU4Business) նախաձեռնության մաս կազմող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության եւ Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության կողմից: Այն իրականացվում է ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում:
Մրցույթը նպատակ ունի խթանել զբոսաշրջության ոլորտը Հայաստանում՝ շուկայում ներդնելով ոլորտի նորարար լուծումներ եւ ծառայություններ, որոնք առավել գրավիչ կլինեն զբոսաշրջիկների համար եւ կապահովեն ավելի մեծ եկամուտ դրանց իրագործողներին:
Ժյուրիի կողմից կխրախուսվեն նորարարական գաղափարներ մասնավորապես հետևյալ ոլորտներում`
1. Հայաստանում տուրիզմի մասին իրազեկման տեխնոլոգիական լուծումներ
2. Տեղեկատվության որոնման բարելավում
3. Նորարար զբոսաշրջային գաղափարների մշակում
Մրցույթի նպատակներից մեկն էլ Լոռու մարզում և Վանաձորում զարգացնել զբոսաշրջությունը։ Ողջունելի են նաև այն գաղափարները, որոնք կարող են զարգացնել գինու, ժառանգության և էկո տուրիզմի ուղղությունները: Մրցույթն ի հայտ կբերի զբոսաշրջության բնագավառի նորարար ծառայությունների/լուծումների գաղափարներ, որոնք կհետաքրքրեն զբոսաշրջիկներին ինչպես Հայաստանի, այնպես էլ համաշխարհային տուրիստական շուկայում և կապահովեն զբոսաշրջիկների ավելի մեծ ներհոսք ու եկամուտներ: Կազմակերպիչները կընդունեն հստակ իրականացման պլանով գաղափարների հայտեր, որոնց բյուջեն չի գերազանցի 25.000.000 դրամը:
Կազմակերպիչների կողմից սահմանված չափանիշների համաձայն ամբողջ Հայաստանից նախնական փուլով հայտերի հիման վրա կընտրվեն այն թիմերը, որոնք հանդես կգան եզրափակիչ փուլում՝ ժյուրիի առաջ: Թիմի անդամների առավելագույն քանակը 4 է:
«Հայաստանում զբոսաշրջության զարգացմանն ուղղված գաղափարներ» մրցույթի եզրափակիչ փուլը՝ Հեքըթոնը կանցկացվի ապրիլի 7-8-ը, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում: Եզրափակիչ փուլում բոլոր թիմերը 24 ժամվա ընթացքում կաշխատեն իրենց գաղափարների/լուծումների նախատիպերի վրա որոնք կներկայացնեն ժյուրիին: Ժյուրիի անդամները կլինեն ոլորտի լավագույն մասնագետներ:
Մրցույթի հաղթողների համար սահմանվում են մրցանակներ համապատասխանաբար՝
Տեղ 1 — 2.000.000 ՀՀ դրամ
Տեղ 2 — 1.200.000 ՀՀ դրամ
Տեղ 3 — 750.000 ՀՀ դրամ
Նշված մրցանակները կտրամադրվեն առաջարկվող լուծումների մշակման համար մասնագիտական ծառայությունների տեսքով — մարքեթինգային ծախսեր, թարգմանություն կամ ուսումնական այց դեպի Եվրոպա:
Երևանի, Գյումրիի, Ստեփանավանի և Ալավերդիի թիմերի համար կտրամադրվի երկկողմանի տրանսպորտ:
Գրանցման վերջնաժամկետն է ապրիլի 2, 18:00։ Մասնակիցները կարող են գրանցվել այս էջում։ Միջոցառման էջը Facebook-ում այստեղ։