Հասցնել տեսնել Թաջ Մահալը 180 րոպեում
2018 թվականի ապրիլի 1-ից այցելությունը Թաջ Մահալ զբոսաշրջիկների համար կսահմանափակվի երեք ժամով։ Այդ մասին հայտնում է Daily Mail-ը։
Ինչպես գրում է պարբերականը՝ Թաջ Մահալի տոմսը ապրիլի 1-ից կգործի միայն երեք ժամ։ Այդ ժամանակից հետո զբոսաշրջիկները ստիպված են լքել աշխարհահռչակ դամբարանի տարածքը։ Տեղի իշխանության ներկայացուցիչները նշում են, որ երբեմն տեսարժան վայրն ընդունում է օրական ավելի քան 50 000 այցելու։ Որոշ հյուրեր գալիս են վաղ առավոտյան և չեն հեռանում մինչև փակվելը, ինչն էլ խուճապային իրավիճակների է հանգեցնում։ Այդ պատճառով երեքժամյա սահմանափակումը դրական կազդի զբոսաշրջիկների հարմարավետության վրա․ նշում են պաշտոնյաները։
Թաջ Մահալը կառուցել է մոնղոլ կայսր Շահ Ջահանը՝ որպես իր կնոջ դամբարան, ով մահացել է 1631 թվականին։ Միջինում այս տեսարժան վայր այցելում է 10 000 – 15 000 մարդ, իսկ հանգստյան օրերին այդ թիվը աճում է։ Ամեն տարի հնդկական հուշարձան է այցելում 6,5 միլիոն զբոսաշրջիկ։