Virgin Atlantic-ը կարող է դառնալ առաջին եվրոպական ավիաընկերությունը, որը կվերապատրաստի սկսնակ օդաչուներին երկարաքարշ չվերթներում: Ռիչարդ Բրենսոնը հայտնի է իր խենթ գաղափարներով, բայց նրա վերջին գաղափարը զարմացրել է ոչ միայն մոլի հոռետեսներին: Ընկերությունը սկսել է նոր ծրագիր, որի շրջանակներում պոտենցիալ օդաչուները հնարավորություն կստանան միանալ ավիաընկերությանը առանց աշխատանքային փորձի: Ինչպես վստահեցնում են ավիաընկերությունում՝ ապագա օդաչուները «կդառնան Virgin ընտանիքի անդամը առաջին իսկ օրից»:
Օդաչուներին կնախապատրասեն CTC Aviation ընկերության մասնագետները: 18-ամսյա վերապատրաստման ծրագիրը կներառի նախաթռիչքային պատրաստվածությունը, օդաչուի խցիկի ամբողջական մոդելավորումը Սոուտգեմպտոնի ուսումնական կենտրոնում, ինչպես նաև՝ թռիչքային պատրաստվածությունը Արիզոնա նահանգի Ֆենիքսում: Թեկնածուները պետք է ունենան գերազանց գիտելիքներ մի շարք առարկաներից, որոնց թվում են՝ ճշգրիտ գիտությունները և անգլերենը: Թռիչքների գլխավոր տնօրեն Դեյվիդ Կիստրակը նշում է. «Մարդիկ միշտ եղել են Virgin Atlantic-ի կենտրոնում, և այժմ մենք ուրախ ենք առաջարկել այդ հնարավորությունը նոր սերնդի օդաչուներին: Նրանք կդառնան Virgin ընտանիքի մի մասը առաջին իսկ օրից՝ ստանալով միանգամից երկար չվերթներ իրականացնելու եզակի հնարավորություն»: Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ երիտասարդ օդաչուները Մեծ Բրիտանիայում ստիպված են ծախսել շուրջ $150 հազար դոլար ուսումնական ծրագրերի վրա, իսկ կյանքի համար նրանց ամսեկան մնում է ընդամենը $800 դոլար: