Հազար պորտուգալացի աշակերտ ավերել են իսպանական հյուրանոցը

Real Hotel Pueblo Camino հյուրանոցը, որը գտնվում է Տորրեմոլինոս քաղաքում (Անդալուսիա, Իսպանիա), մեծապես տուժել է 1,2 հազար պորտուգալացի դպրոցականների բնակությունից։ Ինչպես հայտնում է Associated Press-ը՝ դեռահասները  ավերել են սենյակները, կոտրել իրերը։

Իսպանական El País պարբերականը պարզաբանում է, որ աշակերտները կոտրել են սալիկները, պատուհանից դուրս նետել ներքնակները, օգտվել կրակմարիչից և նույնիսկ  հեռուստացույցներից մեկը գցել  լոգակոնքը։ Հյուրանոցի ադմինիստրացիայում նշել են, որ վնասները նկատել են միայն աշակերտների հեռանալուց հետո։ Ընդ որում,  Real Hotel Pueblo Camino-ի աշխատակիցները նշել են, որ նախկինում երբևէ նման դեպքի չեն հանդիպել։

Նրանց պատճառած ընդհանուր վնասը գնահատվել է 50 հազար դոլար։ Ոստիկանութունը հետաքննություն է վարում  միջադեպի առնչությամբ։

Գարնանը շատ աշակերտներ և ուսանողներ Պորտուգալիայից մեկնում են Իսպանիայի մերձծովյան շրջաններ հանգստանալու և նշելու ավարտական տարին։