Նոր ուսումնասիրությունը խոսում է այն մասին, որ ավիաուղևորները ավելի հաճախ խմիչք և ապրանքներ են ձեռք բերում, եթե դա անում են նրանց հարևանները: Ստենֆորդի բիզնեսի դպրոցի պրոֆեսոր Պեդրո Գարդետեն վերլուծել է 2012 թվականի հունվար-փետրվար ամիսներին 257000 ավիաուղևորների կատարած 65525 գնումները: Պրոֆեսորը ուշադիր ուսումնասիրել է գնումների մասին մանրամասն տեղեկությունները, այդ թվում՝ ոչ միայն այն, ինչ գնել են ուղևորները, այլև՝ թռիչքի տվյալները, ինքնաթիռում նստատեղի համարը, և նույնիսկ՝ գնման ճշգրիտ ժամանակը:
Վերլուծելով տվյալները՝ պրոֆեսորը պարզել է, որ ինչ-որ բան գնելու ցանկությունը 30 տոկոսով ավելանում է, եթե հարևանը որևէ իր է գնում: Սակայն գնման ցանկությունը կրկնապատկվում է, եթե գնում կատարում է մեկը, ում ուղևորը լավ ճանաչում է: Բացի այդ, ուղևորները, ովքեր արդեն գնումներ են կատարել, հանգիստ են արձագանքում նոր առաջարկներին, որոնք արվում են այլ չվերթներում: Ի դեպ, ավիաընկերությունները անցյալ տարի վաստակել են 31.5 միլիարդ ֆունտից ոչ պակաս լրացուցիչ վճարների հաշվին, այդ թվում՝ խմիչքը թռիչքի ընթացքում և ուղեբեռի վճարը, ինչը 1200 տոկոսով ավելին է, քան 2007-ի եկամուտը: