Ֆիլադելֆիայում անցկացվում է ծաղիկների ավանդական ցուցահանդես. այն ամենախոշորն է աշխարհում և այցելուների կարծիքով` վերջին տարիների լավագույնը: Ցուցահանդեսը անցկացվում է Ամերիկայի հնագույն քաղաքներից մեկում արդեն 180-րդ անգամ: Ամեն տարի ծաղկային հրաշքը գալիս են տեսնելու շուրջ 300 հազար հյուր և մասնակից ամբողջ աշխարհից. հայտնում է ԻՏԱՍ-ՏԱՍՍ-ը:
Ցուցահանդեսի թեման դեռ ոչ մի անգամ չի կրկնվել: Այս տարի այն կրում է «Brilliant» անվանումը և նվիրված է Մեծ Բրիտանիային: 4 հա տարածքում պատրաստված են ծաղկային անհավատալի օբյեկտներ այդ երկրի թեմայով, այդ թվում` Բուքինգեմյան պալատը, Բիգ-Բեն լեգենդար ժամացույցը, թագավորական գահ և այլն: Իսկ թագը պատրաստված է թարմ անգլիական ալ վարդերով:
Կան նաև գեղարվեստական գործեր, բայց կապված Մեծ Բրիտանիայի տեսարժան վայրերի հետ. օրինակ` տեսարան «Ալիսան հրաշքների աշխարհում»-ից. հայտնում է Nbcphiladelphia.com-ը: Բացի ցուցանմուշներից, հյուրերին գրավում է նաև տեղում գործող ծաղկի շուկան: Այստեղից կարելի է ձեռք բերել հազվագյուտ ծաղիկների սերմեր և հողամշակման սարքավորումներ: