Աշխարհի ամենաբարձր հյուրանոցը կբացեն Դուբայում
The Gevora hotel-ը նախորդ ռեկորդակիրից բարձր կլինի մեկ մետրով։
Արաբական Միացյալ Էմիրություններում կառուցել են աշխարհում ամենաբարձր հյուրանոցը։ Նոր 75-հարկանի շենքի բարձրությունը 356 մետր է։ The Gevora hotel-ը ընդամենը մեկ մետրով է բարձր նախկին ռեկորդակիրից՝ JW Marriott Marquis-ից, որը նույնպես գտնվում է Դուբայում․ գրում է «Мир24»-ը։
The Gevora հյուրանոցը գտնվում է Շեյխ Զաեդի փողոցում, որը հայտնի է զբոսաշրջիկների շրջանում բազմաթիվ առևտրային կենտրոնների հարևանության շնորհիվ։ Հյուրանոցի Instagram-յան էջում տեղադրված լուսանկարները պատկերացում են տալիս շքեղ հյուրանոցի ներքին հարդարանքի մասին։ Ինտերիերում գերակշռում է ոսկեգույնը, իսկ տանիքից բացվում է հրաշալի տեսարան դեպի քաղաքը։
Հյուրերին մտադիր են տեղավորել 528 համարներում, որոնք տեղ են գտել աշտարակի 75 հարկերում։ The Gevora Hotel-ում կա նաև լողավազան, ջակուզի և սպա սրահ, արևելյան և միջերկրածովյան խոհանոցով չորս ռեստորան։ Աշխարհի ամենաբարձր հյուրանոցը խոստանում են բացել առաջիկա երեք ամսվա ընթացքում․ գրում է Newsru-ն։
Հիշեցնենք, որ աշխարհի ամենաբարձր կառույցը նույնպես գտնվում է Դուբայում։ 2010 թվականին բացված Burj Khalifa երկնաքերը ունի 828 մետր բարձրություն։ Բայց արդեն 2016 թվականին ԱՄԷ-ի իշխանությունները հայտարարել են, որ Դուբայում սկսվել է նոր երկնաքերի շինարարությունը, որը 100 մետրով բարձր կլինի ներկայիս առաջատարից։ Ակնկալվում է, որ 2020 թվականին պատրաստ The Tower աշտարակը կունենա 928 մետր բարձրություն։