Աշխարհի բոլոր փոքրիկները պաշտում են պաղպաղակը։ Ավելին, աշխարհի գրեթե բոլոր մեծահասկները հաճույքով վայելում են այս հրաշալի քաղցրավենիքը, որը հատկապես տեղին է ամառային տոթ օրերին կամ ջերմ երեկոներին։
Իսկ ձեզանից շատե՞րն են ծանոթ այս սառը աղանդերի ծագման պատմությանը։ Փորձե՞լ եք, արդյոք, անսովոր տեսակներ, բացի պլոմբիրից կամ էսկիմոյից։ Կերե՞լ եք թթու, կծու կամ աղի պաղպաղակ։
Եթե ոչ, ապա այդ հոդվածը հենց ձեզ համար է։ Այսօր կծանոթանանք այս հասարակ թվացող քաղցրավենիքի «կյանքից» անսովոր և զվարճալի փաստերի։
Պաղպաղակի համառոտ պատմությունը
Սառը քաղցր աղանդերները՝ մերօրյա պաղպաղակի «նախապապերը», վաղուց գոյություն են ունեցել տարբեր երկրների խոհանոցում։ Թեև, դրանցից ոչ բոլորն են պատրաստվել կաթնային հիմքով։
Օրինակ, Չինաստանի տարածքում այդ քաղցրեղենները պատրաստվել են մանրացված մրգերից՝ խառնած իսկական ձյան կամ մանրացված սառույցի հետ։ Սառեցրել են մրգերը նաև Հին Հունաստանում։ Շատ արևելյան երկրներում աղանդերները պատրաստվել են սառեցրած հյութերով։
Հեռավոր երկրներից այդ բաղադրատոմսերը ավելի ուշ հայտնվել են Արևմտյան Եվրոպայում․ սառեցված էկզոտիկ սորբետները դարձել են ազնվականության սիրելի ուտեստները, իսկ խոհարարները, ովքեր կարողացել են պատրաստել անսովոր ուտելիքը, արժանացել են չափազանց բարձր գնահատականի։ Իսկ ավելի արևելյան Եվրոպայում, նույնիսկ, գոյություն է ունեցել ժամանակակից պաղպաղակի ավելի «իրական» նմանակ՝ սառեցված կաթ, որը հաճախ մանրացնում էին և ավելացնում նրան շաքարավազ և չամիչ։
Մեզ ծանոթ տեսքով «իսկական» պաղպաղակները լույս աշխարհ են եկել XVII դարում Ֆրանսիայում, որտեղից տարածվել են ամբողջ Եվրոպայում, այնուհետև՝ Ամերիկայում։ Առաջին հանրային պաղպաղակի սրճարանը բացվել է կրկին Ֆրանսիայում, Փարիզում, բայց արդեն մեկ դար անց։
Առաջին պաղպաղակը շատ թանկ էր, իսկ նրա արտադրությունը՝ ժամանակատար մինչև XIX դարի կեսերը, երբ Նյու Ջերսիից մի կին հնարում է ձեռքի ֆրիզեր սարք, որը «պատասխանատու էր» մեզ ծանոթ քաղցրավենիքի բաղադրամասերը իրեր խառնելու գործում։ Երկու տարի անց ավելի նախաձեռնող մի գործարար մի փոքր կատարելագործում է սարքը, այն լիցենզավորում և սկսում պաղպաղակի արտադրություն։
Շոկոլադե, վանիլային, ելակային․․․
Սերիական արտադրության մեկնարկով պաղպաղակի սկսում է արագորեն նվաճել աշխարհը։ Յուրաքանչյուր երկիր, կարծես թե, մրցակցում է մյուսների հետ նրա պատրաստման արվեստում, մտցնում իր ուղղումները և հավելումները արտադրման ստանդարտ տեխնոլոգիայում և բաղադրատոմսում։ Հայտնվում են տարատեսակ ջնարակներ, մրգային, շոկոլադե և այլ հավելումներ, քաղցր սոուսներ, անսովոր բաղադրիչներ, ասորտի պաղպաղակներ․․․Կարճ ասած՝ այսօր մեր սիրելի քաղցրավենիքը ունի ոչ տասնյակ, ոչ հարյուրավոր, այլ հազարավոր տեսակներ։
Վիճակագրության տվյալների համաձայն՝ աշխարհում ամենաշատ վաճառվող պաղպաղակը, ի՞նչ եք կարծում՝ ո՞րն է։ Վանիլայինը։ Իսկ ամենահայտնի սոուսը մնում է շոկոլադեն։ Իսկ երկիրը, որտեղ ամենաշատն է արտադրվում և սպառվում պաղպաղակը, ԱՄՆ-ն է։
Ձեզ ինչ-որ բան ասո՞ւմ է «էսկիմոսային կարկանդակ» անվանումը (էսկիմո-փայ)։ Կարծում ենք՝ ոչ։ Բայց հենց այդպես են Խորհրդային Միությունում անվանել պաղպաղակը դեռևս ХХ դարի սկզբին։ Չկար նման փոքրիկ, ինչու ոչ՝ նաև մեծահասակ, որ չերազեր շոկոլադապատ այդ փոքրիկ, սպիտակաթույր պաղպաղակի մասին, որը փաթաթված էր փայլուն փայլաթիթեղի մեջ։
Ուրիշ ի՞նչ տարածված և հայտնի տեսակներ ունի պաղպաղակը։ Ըստ բաղադրության՝ կաթնային, սերուցքային, պլոմբիր, մրգա-հատապտուղային, սորբետ, մրգային սառույց, մելորին (բուսայուղի հիմքով)։ Ըստ վիճակի՝ փափուկ և պինդ։
Փաթեթավորում են պաղպաղակը թղթային, պլաստիկե և վաֆլե բաժակներում, փայլաթիթղեղի և թղթի մեջ, վաճառում են բրիկետներով, փայտիկների վրա և կշռով, դրանից պատրաստվում են սառը կարկանդակներ և տորթեր։ Դե իսկ հավելումների բազմազանությամբ այս աղանդերը արդեն գրանցել է բոլոր ռեկորդները՝ շոկոլադ, մրգեր և հատապտուղներ, թխվածքաբլիթ և վաֆլի, խտարած կաթ, մրգահյութեր, կոնֆետներ, չրեր, ընդեղեն, դոնդող, ալկոհոլ, պանիր, յոգուրտ և կաթնաշոռ, նույնիսկ՝ բուրավետ խոտեր և ծաղիկներ։
Աշխարհի ամենաանսովոր պաղպաղակները
Բայց եթե դուք կարծում եք, որ պաղպաղակագործները այլևս չեն կարող ձեզ զարմացնել, ապա շտապում ենք տարհամոզել հոռետեսներին։ Մի տեղ տուրք տալով ազգային ավանդույթներին, մեկ այլ տեղ ինքնագովազդի կամ տարբերվելու նպատակներով պատրաստում են աշխարհի ամենատարօրինակ պաղպաղակները։
Ի՞նչ կասեք, օրինակ, ֆուա գրայով ֆրանսիական, գորգոնզոլայով անգլիական, էկոլոգիապես մաքուր, առանց գլյուտենի գերմանական, պիստակի ծառի խեժով հունական, գետնանուշի յուղով ամերիկյան, կարամելացված սոխով կամ ժենշենով սինգապուրյան և գարեջրի համով սորբետ պաղպաղակների մասին։
Ընդ որում, այս բոլորը դեռևս «ծաղիկներն են»՝ համեմատած այն «պտուղների» հետ, որոնց մասին կխոսեք ստորև։ Աշխարհում գոյություն ունի պաղպաղակ, որը ոչ բոլորը կհամարձակվեն կամ կկարողանան համտեսել՝ տարբեր պատճառներից ելնելով։
Օրինակ, մոլորակի ամենաթանկարժեք պաղպաղակի բաղադրության մեջ է մտնում ոսկու բարակ շերտը և այն զարդարված է հազվագյուտ հատապտուղներով և մրգերով, ինչպես նաև՝ թանկարժեք շոկոլադով կամ տրյուֆելով ու ձկնկիթով։ Մեկ բաժնի արժեքը շուրջ 1000 $ դոլար է։
Բայց հիմա խոսենք ավելի մատչելի տարբերակների մասին։ Սկսենք, այսպես կոչված, մոլեկուլային պաղպաղակից, որը հորինել է խոհարարական նեղ շրջանակներում հայտնի ավագ խոհարար Հեստոն Բլյումենտալը։ Այն պատրաստվում է հեղուկ ազոտում և պինդ վիճակում պահպանվում ընդամենը մի քանի րոպե, այնուհետև՝ հոսում է գունավոր հեղուկի տեսքով։ Բայց այս անսովոր քաղցրավենիքի համերը կարող են լինել շատ բազմազան․ նույն Բլյումենտալը երբևէ «պայթեցրել է» ռեստորանային աշխարհը բեկոնով ձվածեղի համով պաղպաղակով։ Իսկ այժմ պաղպաղակի սիրահարներին ամբողջ աշխարհում առաջարկում են պաղպաղակի անհավանական տեսակներ․ վճարեք գումարը և պատվիրեք ցանկացածը, նույնիսկ՝ ամենաանսպասելի համով։
Պաղպաղակների անսովոր համերով աչքի է ընկնում նաև Ասիան։ Ճապոնիայում կարելի է համտեսել ութոտնուկի, կարտոֆիլի կամ օձաձկան, շնաձկան մսի կամ հավի թևիկների, ջրիմուռով կամ սակե օղու համով պաղպաղակներ։ Իսկ Օմանում, օրինակ, տարածված է խնկով պաղպաղակը։
Ավստրալիայում առաջարկում են պաղպաղակ «տապակած ձկան և կարտոֆիլի» համով, Իտալիայում՝ պաղպաղակ «Vegemite պաստայով» և «շոտլանդական հագգիս», Վենեսուելայում՝ «թունա» և «չիզբուրգեր», Ամերիկայում՝ «ապխտած սաղմոն» և «կարտոֆիլի չիփսեր»… Կծուի սիրահարները կգնահատեն սխտորի համով, վասաբիով, կարրիով կամ թարմ պղպեղով պաղպաղակը։
Մեր յուրօրինակ վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականներում դրել ենք առավել արտասովոր պաղպաղակները, որոնցից առաջինը իսկական վիագրայով է, երկրորդը՝ կնոջ կրծքի կաթով, որը վերջերս է հայտնվել Լոնդոնի միակ սրճարանոմ։
Կրեատիվ խոհարարներն ամբողջ աշխարհում ուրախ են առաջարկել համադամասերներին ամենաանհավանական համերն ու համադրությունները, որոնք փորձելու մեծ ցանկություն է առաջանում։ Դե, իսկ եթե պարզապես ամռան տապին ցանկանում եք քաղցր և թարմացնող աղանդեր համտեսել, աշխարհի ցանկացած երկրում փնտրեք պաղպաղակի սրճարան, գնեք ձեր սիրելի համով պաղաղակը և վայելեք այն՝ ուրախանալով, որ արդեն այսքան շատ բան գիտեք նրա մասին։