Եթե լինենք անկեղծ. մենք մեծահասակներս կենդանաբանական այգին սիրում ենք ոչ պակաս, քան երեխաները, երբեմն նաև ավելի շատ: Չէ որ այնտեղ կարելի է ոչ միայն տեսնել առյուծներին, ընձուխտներին, կապիկներին և փղերին, այլև, օրինակ` թռչել օդապարիկներով, դիտել հետաքրքիր ֆիլմեր բնության մասին կամ անգամ ներկա գտնվել երաժշտական փառատոնին: Որտեղ է հնարավոր մոտիկից ծանոթանալ սողունների, դինոզավրերի և վիշապների հետ, կամ որ կենդանաբանական այգում հնարավոր կլինի գիշեր անցկացնել: Ահա, ձեզ ենք ներկայացնում աշխարհի ամենահետաքրքիր և ամենաանհավանական կենդանաբանական այգիները, որտեղ հաստատ չեք ձանձրանա:
Կենդանիների թագավորություն, Օռլանդո, Ֆլորիդա
Կենդանիների թագավորությունը (Animal Kingdom) աշխարհում ամենամեծ դիսնեյյան այգիներից մեկն է: Այստեղ ներկայացված է մոտավորապես 1500 տեսակի կաթնասուններ և գրեթե նույնքան էլ թռչուններ և ձկներ: Այս թեմատիկ կենդանաբանական այգին կազմված է յոթ իրարից տարբեր մասերից` «Օազիս», «Հայտնությունների կղզի», «Աֆրիկա», «Ասիա», «Դինոզավրների տիրապետություն», «Միննի և Միկկիի ճամբար» և «Ռաֆիկիի պլանետարիում»:
Բացի կենդանիներից այստեղ կան նաև ատրակցիոններ մեծերի և փոքրերի համար. Դիսնեյը առանց դրանց չի լինում: Այնուամենայնիվ, համեմատած Դիսնեյի մյուս այգիների հետ` այստեղ ատրակցիոնները բավականին քիչ են: Այս այգու ևս մեկ առանձնահատկություններից է այն, որ բացի ներկայումս առկա կենդանիներից, այստեղ դուք կարող եք տեսնել նաև նրանց, որոնք գոյություն են ունեցել առասպելներում և լեգենդներում, օրինակ` վիշապները: