Արքայազն Հարրիի և Մեգան Մարկլի հարսանիքը․այն ամենն, ինչ պետք է իմանալ թագավորական ընտանիքի համար այս կարևոր օրվա մասին

Մայիսի 19-ին ողջ աշխարհը կհետևի, թե ինչպես է արքայազն Հարրին ամուսնանում ամերիկյան դերասանուհի Մեգան Մարկլի հետ։ Նշանադրության մասին զույգը հայտարարել է 2017 թվականի նոյեմբերին և դրանով գրավել աշխարհի խոշոր ԶԼՄ-ների ուշադրությունը։ 

Արքայազն Հարրիի և Մեգան Մարկլի թագավորական ամուսնությունը, անխոս, տարվա ամենասպասված իրադարձություններից մեկն է։ Արարողությունը  կսկսվի բրիտանական ժամանակով  12:00-ին, 13:00-ին զույգը կառքով կշրջի քաղաքով, այնուհետև՝ նորապսակները կնշեն ամուսնությունը միայն հարազատների և ընկերների շրջապատում։

Եթե դուք ցանկանում եք տեսնել հարսանիքը, բայց ձեզ բախտ չի վիճակվել հայտնվել հրավիրյալների ցուցակում, մի  անհանգստացեք։  Արարողությունը կհեռարձակեն  ABC, CBS, E!, Fox News, HBO, NBC, PBS, Sky News, TLC ալիքները։ Բացի այդ, հեռարձակումը հասանելի կլինի նաև  ABC, BBC America, BritBox, CBS և The New York Times կայքերում։

Իսկ մենք առաջարկում ենք ծանոթանալ այդ հարսանիքի մասին ամենակարևոր տեղեկություններին և պարզել, թե ինչու է ողջ աշխարհը հետևելու այդ իրադարձությանը։

Ովքե՞ր են ամուսնանում

Ելիզավետա II թագուհու թոռը՝ Ուելսի արքայազն Չարլզի և արքայադուստր Դիանայի կրտսեր որդին՝  արքայազն Հարրին ամուսնանում է ամերիկյան դերասանուհի Մեգան Մարկլի հետ։ Հարրին վեցերորդ թագաժառանգն է։ Մեգան Մարկլը հայտնի է ամերիկյան «Suits» սերիալում կատարած իր դերով։ Հայտնի է, որ Մարկլը նշանադրության հայտարարումից հետո լիովին հրաժարվել է նկարահանվել ֆիլմերում և սերիալներում, այնպես որ նա այլևս էկրաններին չի հայտնվի։

Արքայազն հարրի և Մեգան Մարկլ
Բարև թագավորական ընտանիք, ցտեսություն դերասանական կարիերա․․․

Զույգը ծանոթացել է  2016 թվականին ընդհանուր ընկերների միջոցով։ Մինչև համատեղ կյանք կապելու որոշում կայացնելը՝ զույգը միասին ճանապարհորդել է միմյանց ավելի լավ ճանաչելու համար։ Իրենց նշանադրության մասին Հարրին և Մեգանը հայտարարել են 2017 թվականի նոյեմբերին։

Ե՞րբ տեղի կունենա արարողությունը․ օրվա մանրամասն ժամանակացույցը (ըստ տեղական ժամանակի)

Հայաստանի և Լոնդոնի ժամային տարբերությունը երեք ժամ է։ Հայաստանից հեռարձակմանը կարող եք հետևել ժամը 15:00-ին։ Մեծ թվով բրիտանական և ամերիկյան ԶԼՄ-ներ հեռարձակումը կսկսեն արարողությունից երեք ժամ շուտ։

9:00

Պատվավոր հյուրերը, ովքեր հրավիրված են զույգի հարսանիքին Վինձորյան ամրոց, կսկսեն ժամանել նշանակման վայր։

Հարսանիքի հյուրերը ավտոբուսով կմոտենան Վինձորյան ամրոցի հայտնի Կլոր աշտարակին։ Դրանից հետո նրանք կմտնեն Սուրբ Գեորգիի մատուռ հարավային դռներից և կզբաղեցնեն իրենց տեղը։

11:20

Թագավորական ընտանիքի անդամները կժամանեն․ ոմանք՝ մեքենայով, ոմանք՝ ոտքով։

Վինձոր, Բերկշիր կոմսություն, Մեծ Բրիտանիա

1:45 

Ակնկալվում է, որ արքայազն Հարրին և իր եղբայրը՝ արքայազն Ուիլյամը, դուրս կգան եկեղեցու արևմտյան կողմից և, ամենայն հավանականությամբ, կանցնեն մի քանի հազար հանդիսատեսի կողքով, ովքեր հրավիրված են ամրոցի տարածք։

11:55

Ըստ արարողակարգի՝ վերջին ժամանած արքայական ընտանքիի անդամը պետք է լինի Ելիզավետա II թագուհին՝ արքայազն Հարրիի տատիկը։

11:59 

Ակնկալվում է, որ Մեգան Մարկլը կեսօրից մեկ պակաս մեքենայով կժամանի Վինձորի ամրոց մոր հետ, ով վերջին անգամ կգրկի նրան՝ որպես չամուսնացած աղջիկ, և կմոտենա եկեղեցուն արևմուտքից իր փոքրիկ հարսնաքույրերի հետ։

12:00 

Կսկսվի տոնական պատարագը, որը կանցկացնի Քենթերբերիի արքեպիսկոպոս Ջասթին Ուելբին, իսկ եկեղեցական ծիսակարգը այդ օրը կգլխավորի եպիսկոպոս Դեյվիդ Քոնները՝ Վինձորի դեկանը։ Պատարագին  կմասնակցի  Karen Gibson and The Kingdom Choir երգչախումբը, որը կատարում է  ավետարանչական ոճի երաժշտություն, կլինի նաև ավանդական անգլիական երգչախումբ։

Քենթերբերիի արքեպիսկոպոս Ջասթին Ուելբի

13:00 

Նորապսակ ամուսինները եկեղեցուց դուրս կգան ուղիղ մեկ ժամ անց  և կլքեն Վինձորի ամրոցը  Castle Hill դարպասներից։ Եկեղեցու հասարակությունը ևս դուրս կգա եկեղեցուց, որպեսզի տեսնի նորապսակներին, այնուհետև կուղևորվի Սուրբ Գեորգիի սրահ՝ մասնակցելու թագուհու հրավիրած ճաշին։

Դրանից հետո ամուսիններ Հարրին և Մեգանը, ավանդույթի համաձայն, կառքով և հեծելազորի ուղեկցությամբ կշրջեն Լոնդոնի փողոցներով և կողջունեն թագավորական ընտանիքի երկրպագուներին։ Զույգը կանցնի High Street փողոցի երկայնքով Windsor Town-ով։ Ակնկալվում է, որ դա կտևի 25 րոպե։

Զբոսանքից հետո նորապսակները կժամանեն Վինձորի ամրոց, որտեղ կլինի հանդիսավոր ճաշկերույթ, որին հրավիրված է  600 մարդ։

Նորապսակների կառքը

19:00

Երեկոյան արքայազն Հարրին և նրա նորաթուխ կինը կմեկնեն Ֆրոգմոր Հաուս (Frogmore House)՝ թագավորական ընտանիքի ամառանոցային նստավայրը, որը գտնվում է Վինձորյան ամրոցից ոչ շատ հեռու։ Երեկույթը չի հեռարձակվի եթերում, քանի որ այն կանցկացվի  թագավորական ընտանիքի փակ ամառանոցային նստավայրում, որտեղ կհավաքվեն զույգի   200 ամենամոտ հյուրերը։

Ովքե՞ր են հրավիրված հարսանիքին

Արքայազն Հարրիի և Մեգան Մարկլի թագավորական հարսանիքին, թագավորական ընտանիքի անդամներից ու Մեգան Մարկլի հարազատներից բացի, կմասնակցեն մոտ  3000 մարդ, ովքեր ազգակցական կապ չունեն արքայական ընտանիքի հետ։ Հրավիրյալների ցանկում հայտնվել են Միացյալ Թագավորության 1200 հասարակության ակնառու ներկայացուցիչ, 200 մարդ բարեգործական կազմակերպություններից և հիմնադրամներից, 100 աշակերտ տեղի դպրոցներից, Վինձորյան ամրոցի 610 աշխատակից և թագավորական պալատի  530 աշխատակից։

Բրիտանական թագուհու թոռը որոշել է իր հարսանիքին հրավիրել նաև նախկին ընկերուհիներին՝ մանկության ընկերուհի Չելսի Դևիին և դերասանուհի և մոդել Քրեսսիդա Բոնասին։ Իսկ Մեգան Մարկլի ընտանիքում իրավիճակն ավելի բարդ է․ նրա հարազատներն ու մտերիմները ամեն շաբաթ հանդես էին գալիս նոր հայտարարությամբ, որում մեղադրում էին դերասանուհուն անտարբերության և անհյուրընկալության մեջ։ Նրա խորթ եղբայրներն ու քույրերը հայտարարել են, որ վերջին տարիներին Մեգանն իրենց հետ չի շփվում և չի հրավիրել հարսանիքին։

Մեգան Մարկլի ընտանիքը

Ամենավատն այն է, որ հարսանիքից երկու օր առաջ Մեգան Մարկլը տխրությամբ հայտնեց, որ իր հայրը՝ Թոմաս Մարկլը,  չի մասնակցի հարսանիքին և չի ուղեկցի իրեն եկեղեցում դեպի խորանը։ ԶԼՄ-ներում սկզբում սկսեցին լուրեր պտտվել, որ նա հրաժարվել է մասնակցել դստեր հարսանիքին այն սկանդալից հետո, երբ նա վճարել է լրագրողին, ով իբրև գաղտնի նկարահանել է իրեն դստեր հարսանիքին պատրաստվելիս։ Բայց, ինչպես պարզվեց հետո, այս շաբաթ Թոմաս Մարկլը սրտի կաթվածից հետո բարդ վիրահատության է ենթարկվել, որի պատճառով չի կարող ժամանել հարսանեկան արարողությանը։ Մեգանի մայրը՝ Դորիան Ռեդլանը, խոստացել է մասնակցել հարսանիքին։

Ովքե՞ր են հարսանիքի պաշտոնական լուսանկարիչն ու երաժիշտները

Հայտնիներից քչերն են հաստատել, որ իրենք հրավիրված են հարսանիքին, բայց ոմանց անունները կարելի է գուշակել։ Սըր Էլթոն Ջոնը չեղյալ է համարել երկու համերգները, որոնք պետք է տեղի ունենային արքայական հարսանիքի ժամանակ, և կդառնա հարսանեկան արարողության կատարողներից մեկը։ Մելանի Բրաունը ակնարկել է, որ ինքն ու Spice Girls-ի մյուս անդամները ևս հրավիրված են։ Ավելին, շշուկներ են պտտվում, որ հենց  Spice Girls-ն է երգելու հարսանիքին։

Spice Girls խումբ
Վերամիավորված Spice Girls-ի դեպյուտը կարող է կայանալ հենց արքայական հարսանիքին։

 

Պաշտոնապես արքայազն Հարրին և Մեգան Մարկլը համաձայնեցրել են երաժշտական մասը, որը բաղկացած կլինի Քրիստոֆեր Ուորեն-Գրինի ղեկավարած նվագախմբի երաժիշտների գործիքային կոմպոզիցիայից, Ուելսի BBC ազգային նվագախմբից,  ինչպես նաև՝ Անգլիայի կամերային նվագախմբից և Ֆիլհարմոնիայից։

Հյուր-երաժիշտների թվում են նաև  19-ամյա թավջութակահար Շեկու Կաննե-Մեյսոնը (BBC Young Musician 2016 մրցույթի հաղթողը), սոպրանո Էլին Մանահան և փողհար Դեվիդ Բլեկեդերը։ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ իրենց առաջին պարը արքայազն Հարրին և Մեգան Մարկլը կպարեն Ուիթնի Հյուսթոնի I Wanna Dance With Somebody կոմպոզիցիայի ներքո։

Արքայազն Հարրիի և Մեգան Մարկլի հարսանիքի պաշտոնական լուսանկարիչը կլինի հայտնի նկարիչ Ալեքսի Լյուբոմիրսկին։ Հենց նա է եղել զույգի առաջին պաշտոնական լուսանկարների հեղինակը։

Ի՞նչ կարժենա հարսանիքը և Մեգան Մարկլի հարսանեկան զգեստը

Հարսանեկան  Bride Book’s գործակալության կարծիքով՝ արքայազնի և դերասանուհու հարսանիքը կարժենա  45,8 միլիոն դոլար (մոտ 32 միլիոն ֆունտ ստերլինգ)։ Գումարի մի մասը կտրամադրվի անվտանգության ապահովմանը․ նորապսակների, հյուրերի և  հանդիսատեսի անվտանգության համար Քենսինգտոնի պալատը կհատկացնի 43 միլիոն դոլար։ Անվտանգությունը կապահովեն դիպուկահարներն ու գաղտնի ոստիկանները։

Մեգան Մարկլ և արքայազն Հարրի

Ինչ վերաբերվում է հարսնացուի զգեստին, ապա բրիտանական The Daily Mail պարբերականի տեղեկություններով՝ շքեղ հարսանեկան զգեստը կարժենա մոտ 100 հազար ֆունտ ստերլինգ՝ 135 հազար դոլարից ավել։ Այն կպատրաստվի ձեռքով և կկարվի  Ralph&Russo դիզայներների կողմից։ Նա այն կկրի պսակադրության ժամանակ և Վինձորյան ամրոցում  Ելիզավետա  II-ի ընդունելությանը։ Հայտնի է նաև, որ դա կլինի Մեգանի հարսանեկան շորերից միայն մեկը։

Հնարավո՞ր է արդյոք մասնակցել հարսանիքին

Եթե դուք նորապսակների հարազատը կամ ընկերը չեք, ապա դա անհնար է։ Քանի որ անկոչ հյուրերին ոչ միայն դուրս կհանեն, այլև՝ կարող են ձերբակալել։ Բայց երկրպագուները կարող են տեսնել զույգին քաղաքի փողոցներում կամ Վինձորյան ամրոցի մոտ։

Սուրբ Գեորգիի մատուռ, Վինձոր, Մեծ Բրիտանիա

Սակայն ամենուր կլինեն մեծ հերթեր, փողոցում՝ մեծ թվով մարդիկ, քանի որ հյուրանոցային բոլոր համարները այդ օրվա համար նախապես ամրագրված են եղել։ Նույնիսկ շշուկներ կային, որ հարսանեկան արարողությունը կարող են խափանել անտունները, ովքեր Windsor Project Homeless  խաղաղ ցույցը կացկացնեն Վինձորի պալատի տարածքում։ Իսկ դրա պատճառն այն է, որ Վինձոր արքայական շրջանի խորհրդի ղեկավար Սեյմոն Դադլին հայտարարել էր, որ հարսանիքի օրը պետք է «մաքրել» փողոցները անտուններից։

Քանի՞ մարդ կնայի օնլայն հեռարձակումը

2011 թվականին ավելի քան  24 միլիոն մարդ դիտել է արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի պսակադրությունը։ Այս տարի այդ թիվը, հաստատ, կգերազանցվի։ Հետաքրքիրն այն է, որ բրիտանական Sky News ալիքը հարսանիքը հեռարձակելիս կկիրառի դեմքի ճանաչման համակարգը։ Արհեստական ինտելեկտը իրական ժամանակի ռեժիմում կնույնականացնի միջոցառման հյուրերի դեմքերը, և դիտողները կկարողանան անմիջապես էկրանին կարդալ այդ պահին ցուցադրվող հյուրի անունն ու լրացուցիչ տեղեկություններ նրա մասին։

Մեգան Մարկլը կդառնա՞ արքայադուստր

Պսակադրությունից հետո Մեգանի պաշտոնական կոչումը կդառնա «Նորին թագավորական մեծություն Ուելսի արքայադուստր Հենրի»։ Մեգանը արքայադուստր չի դառնա, քանի որ այդ կոչումը տրվում է միայն նրանց, ովքեր ծնվել են արքայական ընտանիքում։

Մեգան Մարկլ

Ամենայն հավանականությամբ, թագուհին նորապսակներին դուքս կկնքի, ինչպես դա արեց Ուիլյամի և Քեյթի պսակադրությունից հետո, ովքեր դարձան Քեմբրիջի դուքս և դքսուհի։

Ինչո՞վ այս հարսանիքը կտարբերվի արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի հարսանիքից

Ի տարբերություն իր ավագ եղբոր՝ արքայազն Հարրին, դժվար թե, ժառանգի գահը, այնպես որ նրա հարսանիքը պակաս շքեղ կլինի։ Օրինակի համար կարելի է ուշադրություն դարձնել հարսանիքի ամսաթվին․ արքայազն Ուիլյամն ամուսնացել է  2011 թվականի ապրիլի 29-ին, որի պատճառով կառավարությունը այդ օրն հայտարարեց ոչ աշխատանքային, որպեսզի ժողովուրդը հետևի հարսանիքին հեռուստացույցով։ Այս անգամ նոր հանգստյան օր բրիտանացիները չեն ունենա, քանի որ հարսանիքը կկայանա շաբաթ օրը՝ մայիսի 19-ին։

You might also like