Բրիտանական The Telegraph պարբերականը ուրբաթ օրը՝ հունվարի 29-ին, կազմել է աշխարհի ամենասարսափելի օդանավակայանների ցանկը։ Այն ընդգրկում է ավիանավահանգիստներ Եվրոպայից, Ասիայից, Աֆրիկայից և Հարավային Ամերիկայից։
Ցանկում, մասնավորապես, հայտնվել է Բուտան Թագավորության Պարո օդանավակայանը։ Այն գտնվում է հովտում և շրջապատված է Հիմալայան գագաթներով։ Պարոն համարվում է ամենաբարդ օդանավակայաններից մեկը թռիչքներ և վայրէջքներ իրականացնելու տեսանկյունից․ օդաչուները ստիպված են լինում մանևրել լեռների արանքում, իրականացնել արագ վայրէջք, որը հնարավոր է միայն ցերեկվա ժամերին։
The Telegraph-ի կողմից հիշատակված Լեսոտոյի Մատեկանե օդանավակայանի երկարությունն էլ կազմում է 400 մետր, իսկ թռիչքուղին ավարտվում է 600-մետրանոց անդունդի եզրին։
Սուրբ Մարտենի կղզու Արքայադուստր Յուլիանայի օդանավակայանը ևս հայտնվել է ամենասարսափելիների ցանկում։ Նրա թռիչքուղին հատվում է Մահո լողափի հետ։ Այդպիսով, վայրէջք կատարող ինքնաթիռները թռչում են զբոսաշրջիկների գլխի վրայով՝ 10-20 մետր բարձրության վրա։
Մադեյրա միջազգային օդանավակայանը (Պորտուգալիա) անսովոր է նրանով, որ թռիչքուղու գրեթե կեսը գտնվում է 150 երկաթբետոնե սյուների վրա։
վարկանիշային աղյուսակում հայտնվել է նաև Բարրա օդանավակայանը (Շոտլանդիա)՝ ավազոտ թռիչքուղով։ Այն գտնվում է լողափին և պարբերաբար ընդհատում իր գործունեությունը ալեկոծության պատճառով։ Նրան հետևում է Կուրշևելի օդանավակայանը, որի թռիչքուղին կազմում է 525 մետր, իսկ պտտվելու անկյունը՝ 18,5աստիճան։ Այդ պատճառով այստեղ վայրէջք կատարող ինքնաթիռը կարող է կառավարել միայն հատուկ վերապատրաստում անցած օդաչուն։