Աշխարհի ամենահին ռեստորանը 293 տարեկան է

Ռեստորանը բացվել է 1725 թվականին և գարծել առանց դադարի ու հասցեափոխության։

Մադրիդի Sobrino de Botín հաստատությունը 30 տարի շարունակ մնում է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես  «աշխարհի ամենահին ռեստորան»։ Այդ մասին հայտնում է La Vanguardia-ն։

Իսպանական ռեստորանը չի դադարում իր աշխատանքը արդեն  293 տարի։ 1987 թվականին հաստատությունը առաջին անգամ հայտնվեց Գինեսի ռեկորդների գրքում և արդեն 30 տարի պահպանում է  «Ամենահին ռեստորանի»  կոչումը։

 Sobrino de Botín, Մադրիդ, Իսպանիա

Հաստատությունը 1725 թվականին բացել է ֆրանսիացի Ժան Բոտինը կնոջ հետ։ Շուրջ երեք դար շարունակ Sobrino de Botín-ը ոչ մի անգամ չի դադարել աշխատել և չի փոխել իր հասցեն։ Ռեստորանը շարունակում է բացել իր դռները հյուրերի առջև Մադրիդի Կալլե Կուչիլլերոս փողոցում Պլասա Մայոր հրապարակի և պատմական Սան Միգել շուկայի մոտ։

Sobrino de Botín-ը հայտնի է  ոչ միայն իր տարիքով, այլև՝ հայտնի այցելուներով, որոնց թվում է եղել Էռնեստ Հեմինգուեյը։ Հաստատությունը նույնիսկ հայտնվել  է նրա «Ֆիեստա» գրքում։ Ստեղծագործության հերոսը ռեստորանն անվանում է լավագույնը աշխարհում։ Sobrino de Botín-ի ևս մեկ հպարտությունը փայտի վառարանն է, որը երբեք չի դադարել գործել  293 տարվա ընթացքում։ Ռեստորանի անձնակազմն այն անվանում է իսկական գանձ։

Վառարան

Հաստատության ամենահայտնի ուտեստը տապակած խոճկորն է՝  «Կոչինիլոն», որը պատրաստում են հին բաղադրատոմսով՝ քաղցր պղպեղով, սպիտակ գինիով և թարխունով։  Խոհարար Խոսե Գոնսալեսի խոսքերով՝  ամեն օր ռեստորանում մատուցվում է այդ ուտեստի 70 բաժին։ Ուտեստի արժեքը  29 եվրո է։ Բացի այդ, ճաշացանկը ներառում է տապակած գառան միս, պղպեղով անչոուս, իսպանական արյունով երշիկ, հավի և խոզապուխտի կրոկետներ, հավկիթով սխտորի ապուր և այլն։

 Sobrino de Botín, Մադրիդ, Իսպանիա

Ներկայումս Sobrino de Botín-ը կառավարում է Գոնսալես ընտանիքի արդեն երրորդ սերունդը։ Ռեստորանն ունի չորս հարկ և հին, իսպանական տավերնի տեսք։ Հյուրերի համար գործում է երեք սրահ՝ գինու մառան, Կաստիլիայի սրահ և  Ֆիլիպ IV-ի սրահ։ Միջին վճարը կազմում է 32 եվրո։

You might also like