Պեկինի իշխանությունները անգլալեզու մենյուն անգլերենով ներկայացնելու խնդրանքով դիմել են տեղական ռեստորանների սեփականատերերին: Խնդիրն այն է, որ այժմ չինական խոհանոցի շատ ուտեստների անգլալեզու անվանումը ծիծաղ և տարակուսանք է առաջացնում օտարերկրացիների մոտ: Նրանք նույնիսկ այդ լեզուն կնքել են «Chinglish» անունով (China` Չինաստան և English` անգլերեն): Այդ «լեզվի» շնորհիվ` ռեստորանների մենյուներում կարելի է հանդիպել այնպիսի անվանումներ, ինչպիսիք են` «Կույս հավ» կամ «Տոֆու` պատրաստված պեպենոտ կնոջ կողմից», իսկ գարեջրի տեսականուն կարելի է ծանոթանալ «Տավարի միս» անունը կրող էջում:
Իրականում, ինչպես բացատրում է Cnngo.com կայքը, այս դեպքերում խոսքը ճտի մսի մասին է, «Mapo doufu»-ն` տոֆուն է հին բաղադրատոմսով, իսկ «beer» (գարեջուր) բառի փոխարեն սխալմամբ այս ըմպելիքի տեսականին ներկայացվել է «beef» (տավարի միս) վերնագրով էջում: Որոշ ռեստորաններ արդեն օգնության են հրավիրել անգլիացիների և ամերիկացիների ուտեստների անվան ավելի ճշգրիտ թարգմանություն կատարելու համար: Շատերը նույնիսկ պատրաստ են համալրել մենյուն ուտեստների լուսանկարներով և հավելյալ տեղեկությամբ: