Ավստրիական Strabag ընկերությունը Հունգարիայում կկառուցի երաժշտական ասֆալտով ճանապարհ։ Նախագծի համար հատկացվել է 212 միլիոն եվրո։
Երաժշտական կդառնա R67 մայրուղու մի հատվածը․ ճանապարհի մի մասը կրկին կկառուցեն, իսկ մյուս մասը՝ կլայնացնեն։ Ասֆալտի վրա կտեղադրվեն հատուկ «ակոսներ», անիվի հպումից ճանապարհը «կերգի»։ Երգացանկը դեռևս ճշտվում է, բայց, ամենայն հավանականությամբ, մայրուղին «կկատարի» Republic խմբի «Route 67» երգը։
Առաջին անգամ նման ճանապարհ հայտնվել է Հարավային Կորեայում։ Մեխանիզմը ստեղծվել է ոչ միայն վարորդներին զվարճացնելու, այլև՝ քունը հաղթահարելու հարցում օգնելու համար․ վարելիս քունը հաճախակի հանգեցնում է վթարների։