Մեծ Բրիտանիային պատկանող Սուրբ Հեղինեի կղզում գտնվող օդանավակայանը հոկտեմբերի 14-ին ընդունել է առաջին կանոնավոր ուղևորատար չվերթը․ այս մասին գրում է Daily Mail-ը։
Կղզում վայրէջք է կատարել հարավաֆրիկյան SA Airlines ավիաընկերության ինքնաթիռը, որն իրականացրել է վեցժամանոց թռիչք Յոհանեսբուրգից։ Ինքնաթիռում եղել են 78 մարդ։ Նման չվերթները նախատեսվում է իրականացնել ամեն շաբաթ։
Սուրբ Հեղինեի կղզում բնակվում է շուրջ 4,5 հազար մարդ։ Օդանավակայանի շինարարությունը Մեծ Բրիտանիային արժեցել է 285 միլիոն ֆունտ ստերլինգ։ Ընդ որում, կոնստրուկտորները թույլ են տվել մի շարք սխալներ, որի արդյունքում օդանավակայանը որոշ ժամանակ չէր կարողանում ընդունել մեծ ինքնաթիռներ։ Այդ պատճառով օդանավակայանը բրիտանական ԶԼՄ-ներում ստացել է «աշխարհի ամենաանօգուտ» անվանումը։
Առաջին անգամ ուղևորատար ինքնաթիռ օդանավակայան է վայրէջք կատարել կառուցումից միայն մեկ տարի անց՝ 2017 թվականի մայիսին։
Սուրբ Հեղինեի կղզին հայտնի է Նապոլեոն Բոնապարտի շնորհիվ, ով այստեղ աքսորված է եղել կյանքի վերջին տարիներին։ Կղզու զբոսաշրջային արդյունաբերությունը հիմնականում հիմնված է հենց այդ պատմական փաստի վրա։