Հայտնի են աշխարհի ամենագեղատեսիլ օդանավակայանները
Իռլանդիայի, Շոտլանդիայի և Ֆրանսիայի օդանավակայանները ճանաչվել են ամենագեղատեսիլները աշխարհում։ Այդ մասին գրում է CNNTravel-ը։
PrivateFly ընկերությունը, որը մասնագիտացած է մասնավոր չարտերային չվերթների ամրագրման գործում, հարցում է անցկացրել ավելի քան 8 500 ճանապարհորդների և ավիացիոն ոլորտի փորձագետների շրջանում պարզելու համար, թե որ թռիչքուղիներն են աշխարհում համարվում ամենագեղեցիկը։ Թոփ-10-ում հայտնվել են այնպիսի օդանավակայաններ, որտեղ բացառապես բոլոր ուղևորները վայրէջքի ժամանակ հայացքները չեն կտրում պատուհանից, որպեսզի հիանան շրջակա բնապատկերով։
Աշխարհում ամենագեղատեսիլը ճանաչվել է Իռլանդիայի Դոնեգալ օդանավակայանը։ Ինչպես նշել են փորձագետները՝ օդանավակայանը շրջապատում են գեղեցիկ ժայռոտ ափերը, որոնց լվացվում են Ատլանտյան օվկիանոսի զմրուխտե ջրերով։ Այստեղ վայրէջք կատարելով՝ քեզ զգում ես բոլորովին այլ մոլորակում․ հավելում են նրանք։ Բացի այդ, տեղի լանդշաֆտները հայտնի են՝ շնորհիվ այստեղ նկարահանված «Աստղային պատերազմներ» կինոսագայի վերջին մասերից մեկի։
Վարկանիշային աղյուսակի երկրորդ տեղում Շոտլանդիայի Հեբրիդյան կղզիների ափին գտնվող Բարրա օդանավակայանն է։ Այս օդանավակայանի յուրահատկությունը այն է, որ նրա թռիչքուղին ավազային է։ Օդանավակայանը աշխատում է միայն ցերեկվա ժամերին մակընթացության ժամանակ։ Բարրան ընդունում է բացառապես փոքրիկ մասնավոր ինքնաթիռներ։
Լավագույնների եռյակը եզրափակում է Ֆրանսիայի Նիսի օդանավակայանը։ Այն գտնվում է Միջերկրական ծովի ափին։ Օդանավակայանը ծանրաբեռնվածությամբ երրորդն է երկրում։ Ամենագեղատեսիլ օդանավակայանների թոփ-10-ում հայտնվել է նաև Կարիբյան ծովի Սաբա կղզու Հուանչո Իրաուսկին օդանավակայանը, որի թռիչքուղին ամենակարճն է աշխարհում՝ 40 մետր։ Այնուհետև, վարկանիշային աղյուսակում հայտնվել են Ջիբրալթարը, Քվինսթաունը (Նոր Զելանդիա), Լոնդոն Սիթին (Մեծ Բրիտանիա), Արքայադուստր Հուլիանայի օդանավակայանը (Կարիբյան կղզիներ), Օռլանդոն (ԱՄՆ), Բառան (Մեծ Բրիտանիա) և Բիլլի Բիշոպ Տորոնտո Սիթին: