Աշխարհում ամենագեղատեսիլն է ճանաչվել կարիբյան Սաբա կղզու Խուանչո-Իրաուսկին օդանավակայանը։ Այս ընտրությունը զբոսաշրջիկները կատարել են՝ շնորհիվ գեղատեսիլ և անսովոր տեսարանների։ Այդ մասին հայտնում է հետազոտությունը անցկացրած PrivateFly ընկերության կայքը, որը կազմել է վարկանիշային աղյուսակը հիմնվելով օգտատերերի կարծիքների վրա։
Բացի դրանից, ինչպես գրում է Lenta-ն, Խուանչո-Իրաուսկինը աշխարհի տասը ամենավտանգավոր օդանավակայանների թվում է։ Այստեղ վայրէջք կարող է կատարել միայն երեք տեսակի օդանավ, իսկ 400-մետրանոց թռիչքուղին համարվում է ամենակարճն աշխարհում։
Ցանկի երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է Իռլանդիայի Դոնեգալ օդանավակայանը։ Կանոնավոր չվերթներ այստեղ իրականացնում է միայն մեկ ավիաընկերություն։
Երրորդ տեղում Լազուրե Ափի Նիսն է, որը գտնվում է Ֆրանսիայում՝ Միջերկրական ծովի ափին՝ Վար գետի գետաբերանին։
Թոփ-10-ում են հայտնվել նաև Ջիբրալթարը, Քվինսթաունը (Նոր Զելանդիա), Լոնդոն Սիթին (Մեծ Բրիտանիա), Արքայադուստր Յուլիանայի օդանավակայանը (Կարիբյան կղզիներ), Օրլանդոյի օդանավակայանը (ԱՄՆ), Բարրան (Մեծ Բրիտանիա) և Բիլլի Բիշոպ Տորոնտո Սիթին (Կանադա)։
Վարկանիշային աղյուսակի կազմման առաջին փուլում հարցում է անցկացվել PrivateFly կայքի ավելի քան հազար օգտատիրոջ շրջանում։ Արդյունքում ընտրվել է 122 օդանավակայան։ Այնուհետև ավիաոլորտի փորձագետներից, travel-լրագրողներից, բլոգերներից և ավիաընկերությունների ներկայացուցիչներից բաղկացած ժյուրին ընտրել է նրանցից թոփ-10 ամենագեղատեսիլները։