Գերմանական Բոխում քաղաքում հայտնվել է շինություն, որը ցնցել է նույնիսկ փորձված ճարտարապետներին, էլ չասած սովորական հանդիսատեսի մասին։ Domestikator անունը կրող շենքը, որը կառուցել է Նիդեռլանդներից Atelier Van Lieshout դիզայներական ստուդիան, գործառույթային բնույթով իրենից ներկայացնում է «պարկուճային VIP-հյուրանոց», իսկ արտաքինից պատկերում է սեքսով զբաղվող զույգի։ Բայց սա ժամանակավոր կառույց է, որը ստեղծվել է Ruhrtriennale երաժշտության և արվեստի փառատոնի շրջանակներում, որն անցկացվում է Գերմանիայի հյուսիս-արևմուտքում օգոստոսի 14-ից սեպտեմբերի 26-ին։
Հայտնի է, որ Atelier Van Lieshout-ը սկսել է աշխատել այդ նախագծի վրա 2014 թվականին՝ իր առջև նպատակ դնելով բացահայտել «սադրիչ դիզայնի տակ թաքնված արվեստի ստեղծագործությունների խորը մակարդակը»։
Հեղինակների մտահաղացմամբ՝ Domestikator ինստալացիան, մասնավորապես, պետք է ներկայացնի մարդկության ավերիչ գերակայությունը բնաշխարհի հանդեպ։ Հայտնի չէ, թե արդյոք ստացվում է հենց այդ գաղափարը հասցնել ցուցահանդեսի հանդիսատեսին, թե ոչ, բայց ինստալացիան տեսած մարդկանց կարծիքներից դատելով՝ այն, ընդհանուր առմամբ, դրական էմոցիաներ է առաջացնում․ գերմանացիները գնահատել են հոլանդացի դիզայներների պրովակացիան և հումորը։
Օնլայն մեկնաբանների մոտ ևս Domestikator-ը հիացմունք է առաջացրել։ Հայտնի Reddit ռեսուրսում նախագիծն անվանել են «Ճարտարապետական պոռնո՝ իր լավագույն դրսևորմամբ»։ Արդեն նախատեսվում է, որ էքսցենտրիկ շինությունը կրկին կկանգնեցվի նաև 2016 և 2017 թվականների փառատոններին։