Հոգնե՞լ եք շրջել արդեն ծանոթ փողոցներով։ Ձանձրացե՞լ եք միևնույն միանման շենքերից, մռայլությունից և խոնավությունից։ Առաջարկում ենք ձեզ վիրտուալ ճանապարհորդություն կատարել աշխարհի ամենագեղեցիկ և անսովոր փողոցներով, միգուցե, ձեզ մոտ ցանկություն առաջանա տեսնել դրանք նաև իրականում։
Բալենիների թունել, Գերմանիա
Գերմանական Բոնն քաղաքում կա միանգամից երկու փողոց, որոնք գրավում են իրենց գեղեցկությամբ՝ Հերշտրասեն և Բրայտեշտրասեն։ Դրանք ամեն տարի գրավում են զբոսաշրջիկներին ապրիլի սկզբում և կեսերին։ Այդ ընթացքում ծաղկում են բալենիները, որոնք տնկված են ճամփեզրին, իսկ փողոցը հիշեցնում է աներևակայելի վարդագույն թունել։
Կապույտ փողոցներ, Մարոկկո
Մարոկկոյի Շեֆշաուն քաղաքում դժվար է առանձնացնել որևէ կոնկրետ փողոց, քանի որ դրանք բոլորը յուրօրինակ են։ Քաղաքի տների պատերը ներկված են երկնագույն, իսկ զբոսանքը այդպիսի կապույտ քաղաքով թվում է առեղծվածային և ֆանտաստիկ արկած։
Կոր փողոց, Ամերիկա
Սան Ֆրանցիսկոյում է գտնվում աշխարհի ամենակոր փողոցը՝ Լոմբարդը։ Այն գտնվում է բլրի լանջին և նրա համար, որպեսզի ավտոմեքենաները կարողանան սահուն կերպով իջնել, իշխանությունները ստիպված էին դրան զիգզագ տեսք հաղորդել։ Ճանապարհը թաղված է բուսականության մեջ և հատկապես տպավորիչ տեսք է ունենում ծաղկման շրջանում։
Վարդերի փողոց, Պակիստան
Պակիստանի Լահոր քաղաքում է գտնվում, թեևս, ամենառոմանտիկ փողոցն աշխարհում՝ պատված վարդի թերթիկներով։ Դրանց վրա չի արգելվում քայլել և նույնիսկ շրջել հեծանիվով։ Ցավոք, այն լինում է միայն այն շրջանում, երբ մեծածախ արտադրողները չորացնում են իրենց արտադրանքը։
«Ծաղկած շենք», Հայաստան
Վերջերս Հայաստանում ևս հայտնվեց նման գեղեցիկ մի վայր, որի կողքով անտարբեր անցնելը անհնար է։ Խոսքը Երևանի Մոսկովյան 28 հասցեում գտնվող շենքի մասին է, որի մինչև երրորդ հարկը ձգվում են ծաղիկներ։ 2500 աման ծաղիկներով շենքը զարդարելու պատվերը «Գրին Լադ» (Green Lad) ընկերությունը ստացել է «Մոն ամի» ծաղկի սրահից: