Հանգստյան երկրում թեյավճարի չափն ու այն թողնելու հարցը հետաքրքրում է ոչ միայն զբոսաշրջիկներին, այլև էթիկայի գիտակներին: Այսպիսով, Գերմանիայում և Ավստրիայում թեյավճարը 10% է, Մեծ Բրիտանիայում` 10-15%, իսկ Սկանդինավյան երկրներում ընդունված չէ թեյավճար թողնել: Թեյավճարին վերաբերվող կանոնները հիմա էլ են շփոթության մեջ գցում զբոսաշրջիկներին: Ուղեցույցներում և համացանցում տեղեկությունները հաճախ են տարբեր լինում, այդ պատճառով Berliner Zeitung-ը ներկայացրել է մի պարզ կանոն. որքան երկիրը հյուսիսային է, այնքան թեյավճարը քիչ է: Այսպիսով, Սկանդինավյան երկրներում թեյավճարը ընդունված չէ` չնայած բարձր աշխատավարձին ու գներին: Ընդ որում, ընդունված է հաշիվը ավելացնել` հասցնելով կլոր թվի: Գերմանիայում, Ավստրիայում, Շվեյցարիայում և Նիդերլանդներում սովորաբար թեյավճարը կազմում է պատվերի 10%-ը:
Թեյավճարը հաճելի է, բայց ոչ պարտադիր: Բրիտանացիները ռեստորաններում և սրճարաններում թողնում են 15 % թեյավճար, բացառություն են կազմում փաբերը, որտեղ թեյավճար տալը ընդունված չէ: Եթե հյուրը շատ է հավանել սպասարկումը, կարող է գարեջրատան տիրոջը հյուրասիրել խմիչքով: Ֆրանսիացիները ևս վճարում են 10-15%: Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում կարելի է նաև առատաձեռն լինել, բայց տուրիստական կենտրոններում, ինչպիսիք են` Պրահան, Վարշավան, Բուդապեշտը և Գդանսկը, թեյավճարը ստանդարտ է` 10%: Հունաստանի, Իսպանիայի և Պորտուգալիայի ֆինանսական ճգնաժամը չի ազդել լավ վարվեցողության վրա. 15%-ից քիչ թեյավճար չեն թողնում: Իսկ հայտնիները երբեմն անսպասելի ժլատություն են ցուցաբերում, երբ խոսքը վերաբերվում է մատուցողին ինքնակամ խրախուսելուն: Օրինակ, Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը երբեք թեյավճար չի թողնում: