Ճապոնացիները սովորել են ճանապարհորդել աշխարհով՝ չլքելով տունը
Ճապոնական տուրօպերատորը առաջարկում է ավիաթռիչքով ուղևորվել Հռոմ, Նյու Յորք կամ Փարիզ՝ չլքելով Տոկիոն։ Այդ մասին գրում է The Sun-ը։
First Airlines զբոսաշրջային ընկերությունը, որի գլխավոր գրասենյակը գտնվում է ճապոնական մայրաքաղաքի կենտրոնում, իր հաճախորդներին տրամադրում է անսովոր ծառայություն, որը թույլ է տալիս ուղևորվել վիրտուալ ճանապարհորդության աշխարհի քաղաքներից մեկը։ Բոլոր ուղևորությունները կատարվում են հատուկ տարածքում, որն ամբողջովին ձևավորված է ինքնաթիռի բիզնես դասի սրահի ինտերիերով։
Ձևացնող ուղևորները կարող են հիանալ կեղծ լուսամուտներից բացվող տեսարանով, որոնք իրականում էկրաններ են, որոնք ցուցադրում են Ճապոնիայից նշանակման վայր կատարվող թռչքի տեսարանները։ Բացի այդ, բորտուղեկցորդուհիների պես հագնված կանայք մատուցում են չորս ուտեստից բաղկացած ճաշ։ Ճաշից հետո ուղևորները ստանում են վիրտուալ իրականության սաղավարտներ և մեկնում 360-աստիճան տուրի տվյալ քաղաքով։
Այս ճանապարհորդությունը կարող է տարօրինակ թվալ, բայց ճապոնացիները զանգվածաբար պատվիրում են վիրտուալ տուր First Airlines-ից։Հաճախորդներից մեկի խոսքերով՝ իսկական ճանապարհորդությունը շատ ժամանակ, ջանք ու գումար է պահանջում։ Իսկ սա իսկական հաճույք է։
Երկուժամյա ուղևորությունը ճապոնացիներին արժենում է 6 600 յեն (շուրջ 50 եվրո)։ Ամրագրման համար հասանելի են ուղևորությունները դեպի Փարիզ, Հռոմ, Նյու Յորք և Հավայան կղզիներ։
First Airlines-ի ներկայացուցիչ Հիրոակի Աբեն նշել է, որ ընկերությունն ունի շատ տարեց հաճախորդներ, ովքեր ցանկանում են մեկնել երկրից դուրս, բայց չեն կարող վատառողջության պատճառով։ Ի դեպ, շուտով կեղծ ինքնաթիռում կսկսեն մատուցել նաև նշանակման վայրին հատուկ ուտեստներ։