Շանհայի Սունցզյան թաղամասում ակտիվ կերպով ընթանում է անսովոր 5-աստղանի հյուրանոցի շինարարությունը, որը պլանավորվում է ավարտել արդեն 2017 թվականին։
370 համարով հյուրանոցը կունենա երկու ստորջրյա, 17 ստորգետնյա և երկու վերգետնյա հարկ։ Նրա բարձրությունը, իսկ ավելի ճիշտ կլինի ասել՝ խորությունը կկազմի 80 մետր։ Հյուրանոցը կկոչվի The Quarry Hotel։ Այն կառուցում է տեղական Shimao ընկերությունը Atkins միջազգային դիզայներական ընկերության նախագծով։Շրջանը, որտեղ կառուցվում է հյուրանոցը, հայտնի է իր ջրվեժներով և բլուրներով, այդ պատճառով դիզայներները փորձել են համապատասխանեցնել հյուրանոցը իր շրջակա լանդշաֆտին։ Շնորհիվ սիզամարգային տանիքի և արևային էներգիայի տեխնոլոգիական կիրառմանը՝ հյուրանոցը կհավակնի աշխարհի «ամենականաչ հյուրանոցի» կոչմանը։
The Quarry Hotel հյուրանոցը կկառավարի բրիտանական Intercontinental ցանցային օպերատորը։ Ընկերությունը ներկայացնում է օբյեկտը՝ որպես սպորտա-ժամանցային սպա առողջարան։ Վերևի ստորջրյա հարկում տեղ կգտնեն ռեստորանն ու համարները, որոնց պատուհանից կերևա 10 մետր խորությամբ ակվարիումը։ Իսկ ներքևի ստորջրյա հարկում տեղ կգտնեն զանազան սպորտային հրապարակները և լողավազանը։ Հյուրանոցի առջև կպատրաստեն մեծ լիճ, որի մեջ կթափվի 100-մետրանոց ջրվեժը։ Մեկ «ապակե ջրվեժ» էլ կիջնի հենց շենքի վրայով․ դրա վրա կլինեն պանորամային վերելակներ։ Նախագծի արժեքը գնահատվում է 525 միլիոն դոլար։
Այլ հոդվածներ