Յամայկայի հինգաստղանի հյուրանոցի վերանորոգման ընթացքում ոչնչացվել է Բենքսիի գլուխգործոցներից մեկը։ Մեղավոր աշխատակիցը աշխարհահռչակ նկարչի աշխատանքը համարել է վանդալների ձեռքի գործը։
Միջադեպը տեղի է ունեցել Պորտ Անտոնիոյի Geekam հյուրանոցում։ Լյուքս դասի այս հյուրանոցը հայտնի է այնպիսի աստղային հյուրերի շրջանում, ինչպիսիք են՝ Գվեն Ստեֆանին, Թոմ Քրուզը, Շերոն Սթոունը և Քեթի Պերին։ 2006 թվականին այստեղ իր հանգիստն է անցկացրել նաև հայտնի Բենքսին՝ որպես նվեր հյուրանոցի պատերին թողնելով 11 նկար։ Այդ փոքրիկ ստեղծագործությունները շուտով դարձան այդ հյուրանոցային համալիրի գլխավոր տեսարժան վայրերը։
Հյուրանոցի պատերը նոր ներկով ներկող աշխատակիցները ոչնչացրել են Բենքսիի 5 ստեղծագործություն՝ դրանք դնելով սիրողական գրաֆֆիտիի տեղ։ Այժմ հյուրանոցի ղեկավարությունը մտադիր է վերականգնել նկարները՝ ծախսելով դրա վրա ավելի քան 100 հազար եվրո։