Դուբայ էմիրությունում բացվել է JW Marriott Marquis հյուրանոցը: 355-մետրանոց աշտարակով այն ամենաբարձրահարկ հյուրանոցն է աշխարհում: JW Marriott Marquis-ը նախատեսված է ինչպես բիզնես-զբոսաշրջիկների, այնպես էլ հանգստացողների համար: Հյուրանոցում աշխատում են շուրջ հազար աշխատակից աշխարհի 67 երկրներից:
1608 համարներից բացի` համալիրն ունի 14 ռեստորան, բար, սրճարան, մի քանի շոգեբաղնիք, լողավազանով ֆիտնես-կենտրոններ, նիստերի սրահներ և ցուցահանդեսային տարածք: Հյուրանոցի տարողությունը ավելի քան 3000 մարդ է: Ինչպես հայտնում է Ինտերֆաքսը` հյուրանոցի ինտերիերը արևելյան և եվրոպական է: Աշտարակներից մեկում, որը ճարտարապետությամբ նման է Փյունիկյան արմավենիներին, կա 30-մետրանոց լողավազանով շքեղ սպա-կենտրոն, որտեղ Մեռյալ ծովից արդեն բերվել է երեք տոննա աղ:
Այժմ հյուրերին հասանելի է միայն մեկ աշտարակը` 804 համարներով. հայտնում է Fakty.ua-ն: Բնակության արժեքը սկսվում է 326 դոլարից` մեկ հոգու համար մեկ գիշերով: Երկրորդ աշտարակը կբացվի 2014 թվականին: Նախորդ ռեկորդակիրը` 333 մետր բարձրությամբ, Rose Rayhaan by Rotana հյուրանոցն է, որը նույնպես գտնվում է Դուբայում: