Բրիտանացի վերլուծաբանները կազմել են մոլորակի ամենաերջանիկ երկրների վարկանիշային աղյուսակը: Յուրաքանչյուր պետություն գնահատվել է երեք չափանիշներով՝ կյանքի տևողություն, շրջակա միջավայր և կյանքի մակարդակից քաղաքացիների գոհունակություն: Երկիր մոլորակում ամենաերջանիկ վայրը անցած տարի ճանաչվել է Կոստա Ռիկան: Այն Կենտրոնական Ամերիկայի ամենափոքր պետություններից մեկն է: Խաղաղ օվկիանոսը ողողում է նրա ափերը հարավից և արևմուտքից, իսկ Կարիբյան ծովը՝ արևելքից:
«Երջանկության միջազգային ինդեքսը» (Happy Planet Index) հաշվարկվում է 2006 թվականից: 2012-ի առաջին հնգյակում հայտնվել են նաև Վիետնամը, Կոլումբիան, Բելիզը և Սալվադորը: Իսկ այն երկրները, որոնք ունեն զարգացած և բարգավաճ իմիջ, ինչպիսիք են՝ Նոր Զելանդիան, Նորվեգիան, Շվեյցարիան կամ Մեծ Բրիտանիան, գտնվում են ընդամենը 20-40-րդ տեղերում:
Անցած տարվա տվյալներով Գերմանիան 46-րդ տեղում է, Ավստրիան՝ 48-րդ, իսկ «աշխարհի ամենաերջանիկ երկրների» առաջին 50-յակը եզրափակում է Ֆրանսիան: Ռուսաստանը 121-րդ տեղում է՝ շրջապատված Լիտվայով և Կոնգոյով: Իսկ ամենադժբախտ մարդիկ (149-151-րդ տեղերը), New Economics Foundation-ի ուսումնասիրության արդյունքների համաձայն, ապրում են Քաթարում, Չադում և Բոթսվանայում: