Բրիտանական զբոսաշրջային Regent Holidays ընկերությունը տուրիստական ուղեգրեր է առաջարկում Երևանով դեպի Լեռնային Ղարաբաղ: Հոդվածը, որտեղ ճամփորդների համար օգտակար խորհուրդներ կան, The Guardian-ը հրապարակել է «Մոլորակի ամենաարկածային վայրերը, որտեղ կարելի է անցկացնել 2015-ի արձակուրդները» վերնագրով, գրում է Росбалт լրատվականը:
«Այս ուղևորությունը վախկոտների համար չէ, բայց այնտեղ հետաքրքիր շատ բան կա՝ լեռներում ծվարած վանքեր, հնագիտական հուշարձաններ, հինավուրց քարանձավային համալիրներ և զարմանահրաշ բնություն: Այնտեղ կարելի է մեկնել միայն Երևանով՝ բրիտանական Regent Holidays-ի օգնությամբ»,- գրում է պարբերականը:
Վերջերս Yahoo Travel-ը ևս խորհուրդ էր տվել ընթերցողներին ընդլայնել իրենց Ճամփորդություններն ու հանգիստն անցկացնել տեխնիկապես գոյություն չունեցող, սակայն փաստացի գործող պետություններում, որոնք ՄԱԿ-ը չի ճանաչել, այդ թվում նաև Լեռնային Ղարաբաղում: – On Your Next Vacation, Visit These Three Countries that Technically Don’t Exist
Պորտալը հիշեցրել էր, որ խորհրդային տարիներին Լեռնային Ղարաբաղը հայաբնակ շրջան էր Ադրբեջանի կազմում, որի քաղաքացիները ԽՍՀՄ փլուզումից հետո քվեարկեցին հօգուտ անկախության, ինչի արդյունքում Ղարաբաղի ու Ադրբեջանի միջև պատերազմ սկսվեց: Հաղթանակ տանելով Ադրբեջանի հանդեպ և հրադադար կնքելով 1994 թվականին, Արցախն անկախ պետություն կերտեց և այսօր ճանաչված է Աբխազիայի, Հարավային Օսեթիայի ու Մերձնդեստրի կողմից:
«Լեռնային Ղարաբաղը հայտնի է իր գեղատեսիլ լեռներով ու մշակութային հարստությամբ: Հինավուրց եկեղեցիները սփռված են երկրի ամբողջ տարածքում: Ղարաբաղյան հյուրընկալությունը նույնպես շատ հայտնի է՝ մի զարմացեք, եթե հանկած հայտնվեք տեղի գյուղերից մեկում թթի օղիով ու բաժակաճառերով սեղանի շուրջ: Երկշաբաթյա հետիոտն ուղևորություն կատարեք, վայելեք հինավուրց հայկական Շուշի քաղաքն ու Ղազանչեչոց եկեղեցին, բաց չթողնեք Գանձասարը, ինչը հայերենից թարգմանաբար նշանակում է գանձերի լեռը և IX դարում կառուցված Դադիվանքը»,- գրել էր պարբերականը:
Նյութը՝ PanArmenian.net