Բարսելոնայում նոյեմբերի 16-ին լայն հանրության համար Գրասիա (Gràcia) թաղամասում կբացվի Վիսենս Տունը (Casa Vicens)՝ ճարտարապետ Անտոնիո Գաուդիի առաջին խոշոր պատվերը։ Դարից ավել կառույցը գտնվում էր անհատի ձեռքերում և այնտեղ մուտքը անհասանելի էր, իսկ այժմ զբոսաշրջիկները հնարավորություն ունեն այն ուսումնասիրել ներսից։
2014 թվականին կառույցը գնել է անդորրական MoraBanc բանկը, որի ղեկավարությունը որոշել է այնտեղ թանգարան բացել։ Իսպանա-արաբական ոճի տունը երիտասարդ Գաուդին նախագծել է ճարտարապետի վկայականը ստանալու տարում։ Շենքի ճակատամասը ձևավորված է անմշակ քարով և գունավոր կերամիկական սալիկներով։ 2005 թվականից Վիսենս Տունը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։
Թանգարանը բաց կլինի ամեն օր 10:00-ից 20:00-ին, տոմսերի արժեքը՝ 16 եվրո մեծահասակների համար,14 եվրո՝ երեխաների։