Հռոմի պաշտոնյաները մեծացրել են տուգանքը քաղաքային շատրվաններում լողալու համար։ Այդ մասին հայտնում է իտալական La Repubblica թերթը։ Նշվում է, որ նախկինում տուգանքը կազմում էր 50-300 եվրո, իսկ այժմ՝ 300-500 եվրո։
Այս որոշումը Հռոմի իշխանությունները կայացրել են այն բանից հետո, երբ շատրվանները «բազմիցս դարձել են ոչ պատշաճ օգտագործման օբյեկտ»․ զբոսաշրջիկներին հաճախ են տուգանում Հավերժական քաղաքի հայտնի շատրվաններում լողալու համար։
Օրինակ, փետրվարի 14-ին տղամարդը մերկ վիճակում լողացել է Նավոնա հրապարակի Չորս գետերի շատրվանում: Զբոսաշրջիկների շրջանում հայտնի այս շատրվանը կառուցվել է 1648-1651 թվականներին Բերնինի նախագծով։Իշխանությունները նշում են, որ մշակութային ժառանգության օբյեկտները, ինչպիսին հանդիսանում են քաղաքի շատ շատրվաններ, չեն կարող օգտագործվել «իրենց պատմական և գեղարվեստական նշանակությանը չհամապատասխանող նպատակներով», կամ ենթարկվել սպառնալիքի։
2015 թվականի փետրվարին Նիդեռլանդներից ֆուտբոլային երկրպագուները վնասել են Հռոմի Բարկաչեի շատրվանը (Fontana della Barcaccia)։ Վնասը գնահատվել է հինգ միլիոն եվրո։
Հռոմում, ընդհանուր առմամբ, առկա է ավելի քան երկու հազար շատրվան․ ավելին, քան` աշխարհի որևէ այլ քաղաքում։