Եվրոպայում ամենամատչելի գարեջուր մատուցող բարերով և ռեստորաններով քաղաք է ճանաչվել Բուդապեշտը։ Այդ մասին հայտնում է Lenta-ն՝ հղում կատարելով Daily Mirror-ին։
Փրփրուն ըմպելիքի միջին գինը հունգարական մայրաքաղաքի հաստատություններում կազմում է մոտ 1,2 եվրո․ հաշվել են Skyscanner տուրիստական ծառայության փորձագետները։
Երկրորդ տեղում հայտնվել է սերբիական Բելգրադը (մոտ1,3 եվրո)։ Եռյակը եզրափակում է լեհական Կրակովը։ Այնտեղ մեկ գավաթ գարեջուրը կարժենա 1,8 եվրո։
Չորրորդ հորիզոնականում հայտնվել է Մյունխենը (3,4 եվրո), հինգերորդում՝ Էդինբուրգը (4 եվրոյից մի քիչ ավել)։ Վեցերորդ տեղում գտնվում է Լոնդոնը՝ 4,5 եվրո ցուցանիշով։ Վերջին յոթերորդ հորիզոնականը բաժին է հասել Փարիզին՝ գավաթի համար 7 եվրո արդյունքով։
2016 թվականի հոկտեմբերին TripAdvisor ծառայության մասնագետները անվանել են տասը լավագույն գարեջրային տուրերն աշխարհում։ Ցանկում հայտնվել են մի շարք եվրոպական ուղղություններ, մասնավորապես՝ Բրյուսելն ու Լոնդոնը։