Եվրամիությունը կփոխի շենգենյան վիայի դիզայնը անվտանգության նկատառումներից ելնելով։ Այդ մասին հունիսի 20-ին հայտնում է ԵՄ Խորհրդի կայքը։
Ինչպես հաղորդվում է՝ վիզաների համար մեկ ընդհանուր դիզայն սահմանելու մասին նոր կանոնակարգը անհրաժեշտ է դրանց կեղծումը կանխելու համար։ «Ներկայիս վիզային ներդիրները, որոնք գործում են արդեն 20 տարի, պատճառ են հանդիսացել մի շարք կեղծումների և խարդախությունների համար»,-նշվում է հայտարարությունում։
Բացի այդ, նշվում է, որ փոփոխությունները չեն վերաբերի Իռլանդիային և Մեծ Բրիտանիային, սակայն, այդ երկրների հայտի դեպքում նրանց կտրամադրվի անհրաժեշտ տեխնիկական տեղեկատվություն՝ կապված նրանց ազգային վիզայի ձևաչափի հետ։
Կանոնակարգը, ամենայն հավանականությամբ, կհաստատվի Խորհրդի և Եվրախորհրդարանի կողմից հուլիսի սկզբին, որից հետո այն կտեղադրեն ԵՄ-ի պաշտոնական ամսագրում։
Որոշումը ուժի մեջ կմտնի հրապարակումից հետո քսան օրվա ընթացքում։ ԵՄ-ի երկրները նոր վիզաները պետք է ներդնեն ոչ ուշ, քան կայացրած որոշումից 15 ամիս անց։