Քաթարի էմիրը մտադիր է հունական կղզի գնել

Քաթարի էմիր Համադ բին Խալիֆա աթ-Թանին նախատեսում է գնել ոչ մեծ հունական կղզի Հոնիական ծովում: Աթենքի նորությունների գործակալության տվյալներով` երկուշաբթի միապետը ժամանել է հունական Կերկիրա (Կորֆու) կղզի, որտեղից շքեղ զբոսանավով ուղևորվել է ճամփորդության Հոնիական արշիպելագով:


Էմիրը առաջին տարին չէ որ նախընտրում է իր հանգիստը անցկացնել Հունաստանում և մտադիր է գնել անշարժ գույք իր սիրած հանգստի վայրում` ընտրելով Սկորպիոս կղզու և հարևան անմարդաբնակ կղզու միջև:
Քաթարը առաջին անգամը չէ որ հետաքրքրվում է Հունաստանի ներդրումներով: Մասնավորապես, Քաթարի ներդրողները մտադիր են մասնակցել երկու հսկա բանկերի միաձուլմանը և վերականգմանը, ինչպես նաև հետաքրքրվում են Աթենքի նախկին օդանավակայանի տարածքով և այլ ծրագրերով:


Սկորպիոս կղզին պատկանում է հույն նավատեր Արիստոտել Օնասիսի սերունդներին: Վերջին տարիներին մեկ անգամ չէ որ հայտնվել է տեղեկատվություն այն մասին, որ մագնատի թոռնուհին` Աֆինա Օնասիսը, կղզին վաճառքի է հանել:
Գեղատեսիլ, անտառապատ կղզին եղել է Օնասիսի և ԱՄՆ-ի նախկին առաջին տիկին Ժակլին Քենեդիի հարսանյաց արարողության վայրը 1968 թվականին: Մագնատի թոռնուհին և միակ ժառանգորդը` Աֆինան, ինչպես երևում է, կղզի այցելում է շատ հազվադեպ: Բացի շքեղ առանձնատնից կղզում կա փոքրիկ գերեզմանատուն, որտեղ թաղված է հենց Արիստոտել Օնասիսը, իր որդի Ալեքսանդրոսը և աղջիկը Քրիստինան, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

You might also like