Ապրիլի 20-ին տեղական ժամանակով մոտ առավոտյան ութին (Գրինվիչով՝ կեսգիշեր) Չինաստանում տեղի է ունեցել 6.9 ուժգնությամբ երկրաշարժ: Էպիկենտրոնը եղել է Լեշան քաղաքից 100 կմ հեռավորության վրա: Երկրաշարժի զոհերի թիվը 156-ն է, վիրավորները՝ մոտ 6 հազար: Երկրաշարժի տարածքում՝ էպիկենտրոնից 50 կմ հեռավորության վրա է գտնվում երկրի խոշորագույն Պանդաների ազգային արգելանոցը:
Ինչպես հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ կենդանիները վտանգը զգացել են արդեն մի քանի ժամ առաջ: Սկզբում պանդաները սկսել են պտտվել բների շուրջը, որից հետո բարձրացել են ծառերի վրա և հրաժարվել կերից: Արգելանոցում ապրում են 62 հսկա պանդա: Նրանցից շատերը առաջին երկրաշարժը չէ որ ապրում են: 2008 թվականին ուժեղագույն երկրաշարժը քանդեց արգելանոցի շինությունների մեծ մասը, շատ կենդանիներ այդ ժամանակ սատկեցին: Այս անգամ շինությունը մի փոքր վնասվել է, իսկ պանդաները ֆիզիկապես չեն տուժել, բայց մեծ ցնցում են ապրել:
Այժմ սթրեսից դուրս գալ նրանց օգնում է թարմ բամբուկի մեծ չափաբաժինը և արտաքին աշխարհի հետ նվազագույն շփումը: Պանդան համարվում է Չինաստանի հպարտությունն ու ազգային խորհրդանիշը: Նրանց այստեղ այնքան ուշադիր են վերաբերվում, որ նրանց ինքնազգացողության մասին տեղեկատվությունը հաղորդվում է այնքան հաճախ, որքան երկրաշարժի արդյունքում զոհվածների և վիրավորվածների մասին: