Բացահայտվել է հյուրանոցների լողավազանների մահացու վտանգը
Ջրից վարակվել է 27 հազար մարդ, որոնցից ութը մահացել է։
ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը զգուշացրել է զբոսաշրջիկներին վտանգի մասին, որը թաքնված է հյուրանոցային լողավազաններում։ Այդ մասին գրում է Lenta-ն՝ հղում կատարելով Fox News-ին։
Համաձայն ամենամյա հաշվետվության՝ 2000- 2014 թվականներին գրանցված հիվանդությունների շուրջ մեկ երրորդը ճանապարհորդները ստացել են լողավազաններում և հիդրոմերսող լոգակոնքերում։
Ըստ ստացված տվյալների՝ լողավազաններում հայտնաբերված ամենատարածված վարակիչ բակտերիան կրիպտոսպորիդիան է, որը պատճառ է դարձել 89 տոկոս հիվանդությունների համար։
«Կրիպտոսպորիդիա պարունակող մեկ կաթիլ ջուր կուլ տալն անգամ կարող է հանգեցնել սրտխառնոցի, փորլուծության, ստամոքսի սպազմի և փսխման, որոնք շաբաթներ կտևեն»,- նշել է առողջ լողի ծրագրի ղեկավար Միշել Հլավսան։ «Քլորը չի կարող արագ սպանել այդ բակտերիաները, այդ պատճառով մենք պետք է առաջին հերթին չթողնենք, որ այն հայտնվի ջրում»,- հավելել է նա։
Այդ կապակցությամբ՝ Հլավսան ծնողներին խորհուրդ է տվել փորլուծությամբ տառապող իրենց երեխաներին չթողնել մուտք գործել լողավազան երկու շաբաթ, մինչև վարակը վերջնականապես մաքրվի օրգանիզմից։