Մեծ Բրիտանիայում գործարկված օնլայն-նախագիծը առաջարկում է իր հաճախորդներին շատ անսովոր տուրիզմի տեսակ՝ «կույր ճանապարհորդություն»։ Այս ծառայությունը իրենից ներկայացնում է տուր, որի մանրամասները մինչև վերջին րոպեն հայտնի չեն պատվիրատուին։
Ճանապարհորդները միայն Srprs.me կայքում նշում են հանգստի ժամկետը, բյուջեն ու տուրի տեսակը (լողափնյա, քաղաքային, արշավային և այլն)։ Հաճախորդները ստանում են առաջիկա ուղևորության մասին չնչին տեղեկություններ (օրինակ՝ եղանակային պայմանները) և կոդ, որը պետք է ակտիվացնեն օդանավակայանում։ Այնուհետև ճանապարհորդներին տրվում է փաստաթղթերի և բրոշյուրի ամբողջական փաթեթը, որից հետո էլ միայն նրանք իմանում են իրենց տուրի մասին ամբողջական ինֆորմացիան։
Ըստ նախագծի հեղինակների՝ իրենց նպատակն է եղել մի փոքր ուրախություն ու խենթություն մտցնել իրենց հաճախորդների կյանք և ոգեշնչել նրանց հայտնվել անծանոթ միջավայրում։ Ներկայումս օնլայն հարթակն ունի ավելի քան 50 000 օգտատեր։