Լոնդոնյան London Marriott Hotel County Hall հյուրանոցը առաջին անգամ աշխարհում աշխատանքի է ընդունել օդերևութաբանի։ Այդ մասին հայտնում է Daily Mail-ը։
Այդ աշխատանքը ստանձնել է շոտլանդուհի օդերևութաբան և հեռուստահաղորդավար Կիրստի Մաքքեյբը (Kirsty McCabe)։ Հիմնվելով եղանակային պայմանների վրա՝ 42-ամյա մասնագետը հյուրանոցի հյուրերի համար կկազմի հատուկ երթուղի։
Օրինակ, անձրևային եղանակին Մաքքեյբը կառաջարկի զբոսաշրջիկներին այցելել ներկայացման կամ թանգարան, իսկ պարզ օրերին՝ վայելել պտտանիվն ու այլ ժամանց գտնել մաքուր օդին։ Օդերևութաբանը կլինի London Marriott Hotel County Hall-ի հաճախորդների տրամադրության տակ օրը 24 ժամ, շաբաթը՝ յոթ օր։
Բացի այդ, հյուրանոցի սպասարկող անձնակազմի հետ Մաքքեյբը հոգ կտանի այն մասին, որ հյուրանոցի 12 լյուքսերում բնակվող հյուրերը միշտ պատրաստ լինեն եղանակային անակնկալներին։
Օրինակ, եթե դրսում անձրև գա, սենյակում կտեղադրեն հատուկ լուսաթերապիայի լամպ, իսկ հյուրերին կտրամադրեն անձրևանոց, ռեզինե սապոկներ և անջրանցիկ վերարկու։ Իսկ եթե դրսում արև լինի, հյուրանոցի հյուրերը կստանան արևապաշտպան քսուկներ։
Այս ծառայությունը հասանելի կլինի մինչև նոյեմբերի վերջ․ նշված է հյուրանոցի կայքում։