Բրիտանական բյուջետային EasyJet ավիաընկերությունը օգոստոսի 11-ին ներկայացրել է 10-ժամանոց Jet Sounds ալբոմը՝ ինքնաթիռի շարժիչի ձայնի ձայնագրությունը, որը պետք է օգնի մարդկանց քնել: Այն տեղադրվել է լոուքոսթերի YouTube-յան ալիքում:
Ավիափոխադրողի ներկայացուցիչները պարզաբանում են, որ ձայնագրությունը արվել է լոնդոնյան Գեթվիկից Նիս կատարած թռիչքի ընթացքում: Այն հասանելի է ներբեռնման համար iTunes-ում, Amazon-ում և Google Play-ում:
Ինչպես գրում է The Independent թերթը՝ ալբոմը կարելի է գնել 7,99 ֆունտով: Վաճառքից ստացված ամբողջ հասույթը կգնա քնի հետ խնդիրներ ունեցող երեխաների բուժմանը:
Մասնագետները կարծում են, որ ինքնաթիռի շարժիչի ստեղծած սպիտակ աղմուկը դրական է ազդում քնի վրա: Սոմնոլոգ Սանդրա Ուիթլին (Sandra Wheatley) բացատրել է, որ այն փակում է նյարդայնացնող կողմնակի ձայները, որոնք խանգարում են քնել, ինչպես նաև՝ հանգստացնում ուղեղը: