Առողջարանային Իբիցա կղզու իշխանությունները արմատական պայքար են սկսել աղմուկի դեմ։ Զբոսաշրջիկները ստիպված են իրենց անաղմուկ պահել և գիշերը շուտ գնալ քնելու։ Այդ մասին գրում է The Express պարբերականը։
Իբիցայի համաշխարհային ճանաչում ունեցող ակումբներն ու դիսկոտեկները բախվել են տեղական իշխանությունների կտրուկ սահմանափակումներին։ Քաղաքապետարանը նոր օրենք է մտցրել՝ ըստ որի բոլոր ժամանցային հաստատությունները պետք է փակվեն գիշերվա ժամը 3-ից ոչ ուշ, իսկ բարերի և ռեստորանների բացօթիկները գործեն մինչև գիշերվա ժամը 2-ը։ Բացի այդ, ակումբների և սրճարանների սեփականատերերը պետք է աղմուկը ներկայիս 100 դեցիբելից իջեցնեն մինչև 55 դեցիբել գիշերը և 65 դեցիբել ցերեկը, ինչպես նաև՝ հաստատություններում տեղադրել ձայնամեկուսիչ պատուհաններ և օդափոխման ավտոմատ համակարգ։
Սան Անտոնիո կղզու մայրաքաղաքի քաղաքապետ Խոսել Տուրը հայտարարել է, որ իշխանությունները մտադիր են լավացնել առողջարանի հեղինակությունը, որը «արժեզրկվել էր» քաղաքի կենտրոնական Վեստ Էնդ փողոցում մշտական կարգազանցությունների պատճառով, որտեղ տեղակայված են հիմնական բարերն ու ակումբները։ Բիզնեսների սեփականատերերը, ի պատասխան դրա, հայտարարել են, որ իշխանությունները շատ խիստ են, և նրանց նոր որոշումը կարող է վնասել ինչպես տեղաբնակներին, այնպես էլ՝ զբոսաշրջիկներին։
Նոր օրենքը ուժի մեջ կմտնի 2018 թվականի փետրվարին, որից հետո բոլոր հաստատություններին կտրվի 6 ամիս ժամանակ այն կատարելու համար։ Օրինախախտները կզրկվեն արտոնագրի իրավունքից։
Հիշեցնենք, որ Իբիցայում բարձր զբոսաշրջային սեզոնը տևում է հունիսից մինչև սեպտեմբեր։