Ամենավատ զբոսաշրջիկների վարկանիշային աղյուսակը գլխավորում են ամերիկացիները, նրանց հետևում են չինացիները, երրորդ տեղում ֆրանսիացիներն են, չորրորդում` ճապոնացիները, իսկ հնգյակը եզրափակում են ռուսները: Ամենավատ զբոսաշրջիկների «տասնյակում» են հայտնվել նաև Կորեայի, Հնդկաստանի, Գերմանիայի, Իսպանիայի և Մեծ Բրիտանիայի բնակիչները. այս մասին նշվում է Mandala Research ընկերության անցկացրած LivingSocial ուսումնասիրության մեջ:
Ընդ որում` հենց իրենք` ամերիկացիները, հարցման ժամանակ խոստովանել են, որ իրենց հայրենակիցները ամենավատն են իրենց պահում արտասահմանում: Այդպես են մտածում նաև հարցմանը մասնակից կանադացիներն ու ավստրալիացիները: Իռլանդացիները ամենավատը անվանել են բրիտանացի զբոսաշրջիկներին, իսկ նրանք իրենց հերթին ամենավատ զբոսաշրջիկ են անվանել գերմանացիներին իրենց «վատ վարքագծի» պատճառով: Հարցմանը մասնակցել է 5. 6 հազար մարդ ԱՄՆ-ից, Ավստրալիայից, Կանադայից, Իռլանդիայից և Մեծ Բրիտանիայից:
Ամերիկացի զբոսաշրջիկների շուրջ 40%-ը խոստովանել է, որ գոնե մեկ անգամ գողություն է կատարել հյուրանոցից: Նրանց գողացած ապրանքներից են` սրբիչներ (28%), խալաթներ (8%), մարտկոցներ (5%), բարձեր (4%), հեռակառավարման վահանակներ (3%), սավաններ (3%), Աստվածաշունչ (3%) և անձրևանոցներ (3%): Ճանապարհորդության ընթացքում ամերիկացի զբոսաշրջիկների հետ առավել հաճախ տեղի ունեցող անախորժություններից են ավիաընկերության կողմից ուղեբեռի կորուստը (22%) և վատ եղանակը (21%): Զբոսաշրջիկների 19%-ը խոստովանել է, որ մոլորվել է, վճարել են ավելին, քան անհրաժեշտ էր (16%), ուշացել են թռիչքից կամ վայրէջքից (16%), վնասվածք են ստացել, հիվանդացել կամ դիմել բժշկի (11%):
Զբոսաշրջիկների 8%-ի մոտ վերջացել է գումարը, 7%-ը ունեցել է գլխացավ կամ հիշողության կորուստ ալկոհոլի չարաշահման պատճառով: 7%-ը բողոքել է, որ չի կարողացել գտնել զուգարան, հարցվածների 5%-ը հայտնել է ոստիկանությանը գողության մասին, նույնքանին էլ կծել են միջատները, հանդիպել են գործադուլների կամ քաղաքային ապստամբությունների: Գրեթե 5%-ը հայտարարել է անձնագրի կորստի մասին, 3%-ը դարձել է խարդախության զոհ և նույնքան էլ ձերբակալվել են:
Real Holiday Reports պորտալի կողմից նախկինում անցկացրած հարցումների արդյունքում բրիտանացիները ամենավատ զբոսաշրջիկ են անվանել ռուսներին: Հարցվածների կարծիքով` ռուսները միշտ շրջում են սպորտային համազգեստով և ոսկեղենով, ուտում են` ինչ պատահի, վիճում են, գողություն անում և խախտում հերթը բարերում և խանութներում: