Հուլիսի 14-ին Անգլիական ափին Բաստիլի գրավման օրվա տոնակատարության ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության հետ կապված՝ չեղյալ են հայտարարվել Ռիհաննայի համերգը, ջազային փառատոնը, ինչպես նաև՝ Մարսելի հրավառության շոուն։ Ափամերձ լողափն ու ափագոտին փակ են այցելությունների համար։
Ինչպես հայտնում են ֆրանսիական ԶԼՄ-ները՝ զենքով և պայթուցիկներով լի բեռնատարը մխրճվել է Անգլիական ափին տոնական հրավառությանը սպասող ամբոխի մեջ։ Այն անկանոն շարժվել է՝ հարվածելով մարդկանց։ Վարորդը նաև հրաձգություն է սկսել և մահացել ոստիկանների գործողությունների արդյունքում։ Տեղի ունեցածն արդեն որակավորվել է ահաբեկչություն։ Նախնական տվյալներով՝ մահացել է 84 մարդ, որոնցից երկուսը, ըստ ՀՀ ԱԳՆ-ի տարածած հայտարարության, ՀՀ քաղաքացիներ են։
Ըստ իրավապահ մարմինների՝ դաժան հանցագործությունը կատարել է Ֆրանսիայի և Թունիսի երկքաղաքացիություն ունեցող 31-ամյա քաղաքացին։ Ողբերգությունից հետո Ֆրանսուա Օլանդը երկարաձգել է «արտակարգ իրավիճակի» ռեժիմը երկրի տարածքում ևս երեք ամսով։