Грузия Online-ի տեղեկացմամբ՝ Թբիլիսիի քաղաքապետարանի համապատասխան կառույցները երեկ ողջ գիշեր ստիպված են եղել աշխատել ուժեղացված ռեժիմով` Վրաստանի մայրաքաղաքում տեղացած առատ ձյան պատճառով:
Օդերևութաբանները կանխատեսում են, որ առատ ձյունն ու ցրտերը (մինչև -8 աստիճան) Թբիլիսիում կպահպանվեն մինչև շաբաթվա վերջը: Օդերևութաբաններն ընդգծում են, որ այս ձմեռը վերջին տասնամյակի ամենաձնառատ և ցուրտ ձմեռներից մեկն է: Վրաստանի լեռնային շրջաններում ջերմաստիճանը նվազում է մինչև -18-ը:
Նշվում է, որ անգամ սառել է Թբիլիսիի հյուսիսարևելյան հատվածում ընկած Թբիլիսյան ծովը: Տարեց մարդիկ անգամ դժվարանում են հիշել, թե վերջին անգամ երբ է նման բան տեղի ունեցել:
Հիշեցնենք, որ Թբիլիսյան ջրամբարը (Թբիլիսյան ծովը) ստեղծվել է 1952 թվականին, երկարությունը 9 կիլոմետր է, լայնությունը՝ 3 կիլոմետր, միջին խորությունը՝ 26.6 մետր, իսկ առավելագույն խորությունը՝ 45 մետր:
Փետրվարի 6-ին վրացական լրատվամիջոցները գրել էին, որ վերջին 50 տարվա մեջ առաջին անգամ Վրաստանում սառել է Կուր գետը: / 1in.am