2012 թ. հունվարին ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակը և Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը համատեղ մշակել են Սյունիքի մարզի Տաթև գյուղական համայնքի զարգացման քառամյա ծրագիր, որը ներառում է տասներեք ենթածրագրեր՝ կենտրոնանալով համայնքային ու զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման և եկամուտների ստեղծման վրա:
Այսօր, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևան և Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանը ստորագրեցին համաձայնության հուշագիր` Տաթևում եւ հարակից գյուղական համայնքներում համայնքային զարգացման և ծրագրերի իրականացման համար ներդրումներ ներգրավելու նպատակին ուղղված երկուստեք ջանքերը միավորելու մասին:
«Հուսով ենք, որ սա կլինի ևս մեկ հաջողված նախաձեռնություն, որը կարող է հետագայում ընդլայնվել՝ ընդգրկելով Տաթևի բոլոր համայնքները և կարող է նվազեցնել տարածքային զարգացման անհամաչափությունները և նպաստել զբոսաշրջության զարգացմանը Սյունիքի մարզում»,- ասաց Դաֆինա Գերչևան:
Իր հերթին, ՀԱՄՀ գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանն ընդգծեց համաձայնագրի կարևորությունը ազգային ժառանգության և հոգևոր արժեքների պահպանման, ինչպես նաև զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման գործում:
ՄԱԶԾ-ն եւ ՀԱՄՀ-ը նախատեսում են կազմակերպել միջոցառում` նվիրված ֆինանսական միջոցների հավաքագրմանը, որը հնարավորություն կտա ներդրումներ ներգրավել միջազգային կազմակերպություններից, մասնավոր և հանրային հատվածների ներկայացուցիչներից և այլ շահագրգիռ կողմերից: / Աղբյուրը` Երկիր.am, լուսանկարը` tatevvillageeng.wordpress.com