«Տաթևի դարպասներ» նախագիծն ուրախությամբ հայտարարում է մանկական ստեղծագործական մրցույթ՝ «Ստեղծիր Տաթևիկի կերպարը կամ արի ճախրենք» խորագրով: Այս հետաքրքրիր մրցույթի նպատակն է երեխաներին իրազեկել աշխարհում ամենաերկար ուղևորատար «ՏաԹևեր» ճոպանուղու մասին, ինչպես նաև ստեղծել երեխաներին հոգեհարազատ կերպարներ, որոնք ճոպանուղուն և դրա նկատմամբ մոտեցումներին ուրույն լիցքեր կհաղորդեն:
Ինչպիսին պետք է լինեն նախագծերը.
Հայաստանում՝ Որոտան գետի կիրճում, ապրում են հեքիաթային փերիները: Նրանց Տաթևիկ են անվանում: Նրանք բոլորովին վերջերս են այստեղ եկել՝ ճիշտ այն օրն ու ժամին, երբ աշխարհում ամենաերկար օդային ուղու՝ «ՏաԹևերի» ճոպանով սլացավ առաջին խցիկը: Ձմռանը, երբ սարերում ցուրտ է, և խցիկները հանգստանում են, փոքրիկ փերիները փորձում են կիրճի տաք աղբյուրների մոտ լինել կամ թաքնվում են ճոպանուղու հզոր մեխանիզմներում: Երբ գալիս է գարունը, ամեն ինչ ծաղկում է, և Տաթևիկները սկսում են ճախրել, ուրախ թռչում են մի ծառից մյուսը, ծաղկից ծաղկին, մի ամպից մյուսին, վայելում են արևի ծառագայթների ջերմությունը… Ուրախանում են, որ ճոպանուղին կրկին գործում է, որ դեպի այս կողմեր են գալիս մարդիկ աշխարհի տարբեր ծայրերից:
Տաթևիկների մի խումբ թռչում է կիրճի վրայով, և երկնքում յոթագույն ծիածանն է հայտնվում: Մյուսները, ասես փոքրիկ բալիկներ, հրճվում են ծիածանով, սահում են դրա վրայով, խառնվում են գույներին: Մի ուրիշ խումբ էլ հեծանիվով անցնում է օդային անցուղու ճոպանների վրայով կամ էլ պարզապես ճոճվում են դրանց վրա: Իսկ ոմանք էլ ուղեկցում են ճոպանուղու այցելուներին՝ բարձրացնելով բոլոր նրանց տրամադրությունը, ովքեր առաջին անգամ են որոշել նստել ճոպանուղի և անցնել այդ հոգեցունց ուղին: Չէ՞ որ Տաթևիկը հզոր մեխանիզմի բարի հոգին է: Փերիները ոգևորում են նրանց, ովքեր մի փոքր վախենում են բարձրությունից, բայց հաղթահարելով սեփական վախը՝ աննկարագրելի հաճույք են ստանում թռիչքային զգացողությունից:
Տաթևիկն ուղեկցում է նրանց, ովքեր դեմ չեն փոքրիկ, չարաճճի հեքիաթային, թևավոր մարդուկի ընկերակցությանը: Իսկ քանի դեռ դուք ճախրում եք կիրճի վրայով, հիանալով այս զարմանալի տեղանքի գեղեցկությամբ, նրանք պտտում են մեխանիզմները, մաքրում են ճոպանները, հրում են խցիկները, թռչում են դրանց շուրջ: Իսկ հետո՞: Հետո նստում են վերջին կանգառում և սպասում, թե երբ են ուղևորները վերադառնալու հետաքրքրաշարժ զբոսանքից, որպեսզի նրանց ճանապարհեն հետ:
Իհարկե սա հեքիաթ է: Բայց նրանք, ովքեր անկեղծորեն հավատում են այս հեքիաթին, հուսով են, որ մեր Տաթևիկը կանցնի ողջ երկրագունդը և կմտնի յուրաքանչյուր տուն՝ հիշեցնելով Հայաստանի ու խորը կիրճի վրայով անմոռանալի թռիչքի մասին: Բայց դրա համար անհրաժեշտ է մարմնավորել նրա կերպարը՝ թղթի, կավի, փայտի, մետաղի, ծեփի միջոցով:
Տաթևիկը շատ տարբեր ու բազմազան կարող է լինել: Թե ինչպիսին, որոշում են երեխաները, ովքեր կմասնակցեն այս հետաքրքիր ստեղծագործական մրցույթին: Ամեն ինչ կախված է երևակայության թռիչքից: Հարցրեք ինքներդ ձեզ առաջին հայացքից անհավանական թվացող ամենատարբեր հարցերը:
Իսկ ինչպիսի՞ն է նա՝ իմ Տաթևիկը:
Ի՞նչ մազեր ունի:
Արդյո՞ք Տաթևիկը բրեկետներ է կրում:
Ինչպե՞ս է նա հագնվում:
Ի՞նչ է նա անում, քանի դեռ սպասում է իր հյուրերին:
Ինչի՞ մասին է խոսում իր ընկերուհիների հետ:
Արդյո՞ք նա ունի երկրպագուներ:
Ինչի՞ մասին է երազում մեծ մեխանիզմի փոքրիկ փերին:
Մտածեք, գտեք պատասխանները և կերտեք ձեր Տաթևիկի ամենաանհավանական կերպարները:
Մրցույթին կարող են մասնակցել 6-13 տարեկան երեխաները Հայաստանի բոլոր մարզերից: Անվանակարգերը հետևյալն են՝
- գրաֆիկա
- գեղանկար
- դեկորատիվ-կիրառական արվեստ (փայտ, մետաղ, խեցիներ, ուլունքներ, քարեր և այլն)
- քանդակ
- համակարգչային գրաֆիկա
- facebook-ի համակրանք
Գեղանկարները պետք է տրամադրել A3 ֆորմատի ստվարաթղթի (վատման) վրա, օգտագործված նյութերը՝ մատիտ, ջրաներկ, գուաշ, յուղամատիտ:
Աշխատանքները ներկայացնելու վերջնաժամկետն է 2012 թվականի մայիսի 15-ին:
Աշխատանքի հակառակ կողմում պետք է նշված լինեն երեխայի անունը, ազգանունը, տարիքը, դասատուի անունն ու ազգանունը, ուսումնական հաստատության անվանումը, հասցեն, կոնտակտային հեռախոսահամարը, էլ. փոստի հասցեն:
Աշխատանքները կարող են լուսանկարվել և ուղարկվել մրցույթի էլեկտրոնային փոստի հասցեով (tatevikcompetition@gmail.com)՝ ինտերնետ քվեարկությանը մասնակցելու համար: Նամակին պետք է կցված կլինի word ֆորմատով առանձին փաստաթուղթ, որտեղ կլինեն մասնակցի անունը, ազգանունը, տարիքը, դասատուի անունն ու ազգանունը, ուսումնական հաստատության անվանումը, հասցեն և կոնտակտները (հեռախոս և էլեկտրոնային փոստի հասցե): Իսկ բնօրինակները ներկայացնել ՀՀ, Երևան 0019, Բաղրամյան 6 հասցեով:
Մրցույթն անցկացվելու է 2 փուլով՝ նախընտրական և եզրափակիչ: Եզրափակիչ փուլ անցած մասնակիցների աշխատանքները կմասնակցեն Երեխաների պաշտպանության միջազգային օրվան (հունիսի 1, 2012 թ.) նվիրված ցուցահանդեսին: Եզրափակիչ փուլի բոլոր մասնակիցները կպարգևատրվեն հավաստագրով: Բոլոր անվանակարգերի առաջին երեք մրցանակները ստացած մասնակիցներին կշնորհվի դեպի Տաթև ուղևորություն: Կազմակերպիչներն իրենց վրա են վերցնում մասնակցի և նրան ուղեկցող 1 մեծահասակի ուղևորության բոլոր ծախսերը:
Աշխատանքներն ընտրվելու են հեղինակավոր ժյուրիի կողմից, նաև ինտերնետ-քվեարկությամբ: Աշխատանքների հեղինակային իրավունքները փոխանցվում են մրցույթի կազմակերպիչներին:
Հավելյալ տեղեկությունների համար`
+374 (10) 583 346
tatevikcompetition@gmail.com
Մրցույթիհամադրողներ՝
Էլեոնորա Մելիք-Քարամյան
Էռնա Ռևազովա