«ՏաԹևեր» ճոպանուղին ընդգրկող «Տաթևի դարպասներ» տուրիստական համալիրը հուլիսից սկսում է նոր ծառայություններ մատուցել զբոսաշրջիկների համար:
Ինչպես այսօր Երևանում զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը տեղեկացրել է «ՏաԹևեր» ճոպանուղու տնօրեն Վահան Մելիքսեթյանը, այսուհետ զբոսաշրջիկներին կառաջարկվի նաեւ ժայռագնացություն, շրջագայություն հետիոտն կամ հեծանվով, համայնապատկերային շոու, պլանետարիում, աուդիոգիդերի եւ օդապարիկների վարձույթ, կբացվեն նաև հուշանվերների կրպակներ:
«Համալիրում գործում է 4 սակագնային փաթեթ՝ ստանդարտ, ընտանեկան, բիզնես եւ ուսանողական: Տուրիստական օպերատորների համար ունենք նաեւ հետևյալ զեղչային առաջարկը. տարեկան 5000-ից 10 000 հաճախորդ ապահովելու դեպքում ընկերություններին կառաջարկվի 5% զեղչ, իսկ 10 000-ից ավել զբոսաշրջիկ ապահոված ընկերությունները կօգտվեն 7% զեղչից», – նշել է Վահան Մելիքսեթյանը:
Նա նշել է նաեւ, որ տուրիստական գոտում գործում է նաև «Տաթևատուն» ռեստորանը: Վերջինիս տնօրեն Դավիթ Գաբրիելյանն ասել է, որ ռեստորանի ճաշացանկը բաղկացած է հիմնականում հայկական ուտեստներից, այդ թվում՝ հին ավանդական ճաշատեսակներից: Ռեստորանը աշխատում է ամեն օր, բացի երկուշաբթիից, առավոտյան 10-ից երեկոյան 20-ը:
Վահան Մելիքսեթյանը նշել է նաեւ, որ գոյացած ողջ շահույթն ամբողջությամբ տրամադրվում է Տաթեւի վանական համալիրի վերականգնմանը եւ հարակից տարածքների զարգացմանը: Աղբյուրը՝ MediaMax