Շվեյցարիայում ծաղկի տեսքով անսովոր համերգասրահ են կառուցում: Լողացող բեմը՝ շրջապատված 700 հանդիսատեսի համար նախատեսված նստատեղերով, կհայտնվի Ֆիրվալդշտետ լճում՝ հինգ գավառների սահմանին: Ինչպես գրում է Tages Anzeiger պարբերականը՝ ջրաշուշանի տեսքով պողպատե կառույցը կստեղծեն Կենտրոնական Շվեյցարիայի տուրիզմի 200-ամյա տոնակատարության կապակցությամբ: Բեմով և չորս հանդիսատեսի տրիբունաներով հարթակը ունի 38 մետր տրամագիծ և 12 մետր բարձրություն: Այն նախագծել է Լյուցերնի Dolmus ճարտարապետական բյուրոն: Շինարարությունը և շահագործման համար ներդրումը կարժենա 3.2 միլիոն շվեյցարական ֆրանկ: Բացի համերգային հրապարակից, կառույցը ներառում է նաև բար և զբոսավայր: Ենթադրվում է, որ ծալվող թերթիկներով հսկա ջրաշուշանը ակտիվորեն կօգտագործվի 2015 թվականի մայիսի 29-ից սեպտեմբերի 20 ընկած ժամանակահատվածում համերգների, դասախոսությունների և ներկայացումների անցկացման համար: