Շվեդիա. Սթոկհոլմում գարնանը կբացվի ABBA-ի թանգարան

2013 թվականի գարնանը Սթոկհոլմում կբացվի թանգարան՝ նվիրված ABBA խմբին: Խմբի անդամ Բյորն Ուլվեուսի խոսքերով՝ թանգարանը կդառնա  շվեդական երաժշտությանը  նվիրված «փառքի ցուցասրահի»  մի մասը: Թանգարանում կցուցադրվեն  ABBA աշխարհահռչակ խմբի անդամներ Բյորն Ուլվեուսի, Բեննի Անդերսոնի, Ագնետա Ֆելտսկուգի, Աննա-Ֆրիդ Լյուգստադի անձնական իրերը, բեմական կոստյումները և երաժշտական գործիքները:

Նախկինում՝ 2009-2011 թվականներին, ABBA խմբի թանգարանը շրջագայում էր Եվրոպայում և Ավստրալիայում, որը կազմակերպվել էր «Mamma Mia!» ֆիլմի հաջող վարձույթից հետո. «Mamma Mia!»-ն համանուն մյուզիքլի էկրանավորումն է՝ հիմնված` ABBA խմբի երգերի վրա: Արդեն այդ ժամանակ ցուցահանդեսի կազմակերպիչները ծրագրում էին բացել հիմնական ցուցադրություն երաժիշտների հայրենիքում՝ Շվեդիայում, բայց մինչ այժմ չէին կարողանում գտնել թանգարանին համար հարմար շենք: Բյորն Ուլվեուսը հայտարարել է, որ թանգարանի բացմանը, որը նախատեսվում է 2013 թվականի ապրիլ-մայիս ամիսներին, նա հույս ունի տեսնել խմբի բոլոր անդամներին:

You might also like