Բլոգեր Քելլի Էրոգլուն (Kelly Eroglu), ով ավելի քան 20 տարի բորտուղեկցորդուհի է աշխատել խոշորագույն ավիաընկերություններից մեկում, յոթ խորհուրդ է տվել երեխաների հետ հարմարավետ ճանապարհորդելու համար։ Այդ մասին գրում է The Independent թերթը։
Կինը խորհուրդ է տվել ուղևորներին սառասրտություն պահպանել, եթե անգամ երեխաները կամակորություն են անում ինքնաթիռում կամ օդանավակայանում։ Ծնողների ինքնատիրապետումը կհանգստացնի նաև փոքրիկ ուղևորներին․ բացատրում է 41-ամյա Էրոգլուն։ Բացի այդ, ընտանեկան ճանապարհորդությունից առաջ ամեն ինչ պետք է նախապես պլանավորել և ձեռքի տակ ունենալ անհրաժեշտ իրերը, օրինակ՝ տակդիր կամ կաթ։
Անհրաժեշտ է մտածել նաև սնունդի մասին․ խորհուրդ է տալիս բլոգերը։ Թռիչքից առաջ ցանկալի է պատվիրել այն սնունդը, որը դուր կգա ձեր փոքրիկին, ինչպես նաև՝ ձեզ հետ վերցնել նրա սիրելի խորտիկները։ Բարդ իրավիճակում հայտնված ճանապարհորդող զույգերը կարող են դիմել նաև բորտուղեկցորդների օգնությանը․ ասում է Էրոգլուն։
Զբոսաշրջիկները նաև պետք է մտածեն, թե ինչով զբաղեցնել երեխաներին, որպեսզի վերջիններս չձանձրանան և չսկսեն կամակորություն անել։ Փոքրիկ ճանապարհորդներին կարելի է զբաղեցնել նկարչական ալբոմներով կամ պլանշետով։ Էրոգլուն նաև կոչ է անում չմոռանալ ժամային գոտիների փոփոխության մասին, որի արդյունքում կարող է խախտվել երեխայի քունն ու ակտիվությունը։
Նախկին բորտուղեկցորդուհու վերջին խորհուրդը վայրէջքին նախապատրաստվելն է։ Երբ ինքնաթիռը սկսում է իջնել, սրահում օդի ճնշումը բարձրանում է, որի արդյունքում երեխաները ցավ են զգում ականջներում։ Էրոգլուն խորհուրդ է տալիս նման դեպքերում երեխային կերակրել կրծքով կամ շշով կաթ տալ, իսկ ավելի մեծերին՝ սառնաշաքար կամ այլ քաղցրավենիքներ։ Դա կօգնի նվազեցնել ճնշումն ականջներում․ բացատրում է մասնագետը։