Վրաստանի Գորի քաղաքի Ստալինի թանգարանը կվերափոխվի՝ դառնալով Ստալինիզմի թանգարան:
Թանգարանի այցելուները կծանոթանան ստալինյան ռեպրեսիաների, սովետական տոտալիտարիզմի և այդ ժամանակների այլ մանրամասներին: Այսպիսի վերափոխումը առավել օբյեկտիվ ձևով այցելուներին կպատմի ստալինիզմի ժամանակաշրջանի իրադարձությունների մասին:
Տարեց տարի Ստալինյան թանգարանի հանդեպ հետաքրքրությունը մեծանում է: Թանգարանի տնօրեն Լիա Օքրքփիրիձի խոսքերով 2011-ին թանգարան է այցելել 24.000 մարդ, որոնցից 19.000-ը՝ արտասահմանցի հյուրեր և 3000-ը՝ դպրոցականներ:
Վրաստանի մշակույթի նախարար Նիկոլոզ Ռուրուան հայտարարել է, որ Վրաստանում սովետական ղեկավարների հուշարձանների պահպանումը համարում է անթույլատրելի:
Ի. Վ. Ստալինի պետական թանգարանը Գորիում հիմնադրվել է 1937թ.-ին Լավրենտի Բերիայի նախաձեռնությամբ: Այնտեղ պահվում են ավելի քան 47.000 ցուցանմուշներ և անձնական իրեր: Թանգարանային համալիրի մեջ են գտնվում մեմորիալ տունը, որտեղ ծնվել է Ստալինը, ցուցանմուշների համար նախատեսված շինությունը, գեներալիսիմուսի անձնական վագոնը, որով նա այցելել է Թեհրան, Յալթա և Պոտսդամ՝ դաշնակիցենրի հետ հանդիպումներին: