Կյանքում ամեն ինչ շղթայական է, ու երբեմն պատահում է այնպես, որ մեկի վախճանը ծնունդ է դառնում նոր ինչ-որ բանի: Այդպես է եղել նաև բրիտանական SS Ayrfield շոգենավի հետ, որն արդեն երկար տարիներ լքված կանգնած է Սիդնեյի Օլիմպիական գյուղի ափին, իսկ նրա ժանգոտված մարմինը վաղուց արդեն վերածվել է մանգլենի ծառի: Նավի երկրորդ անվանումը «The Floating Forest» է, որը թարգմանաբար նշանակում է «Լողացող անտառ»:
Շոգենավը կառուցվել է Մեծ Բրիտանիայում 1911 թվականին և օգտագործվել է Ավստրալիայի կառավարության կողմից ամերիկյան զորքերին տարբեր պարագաներ մատակակարելու համար, որոնք Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիներին գտնվում էին Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում:
Այն վաճառվել է 1950 թվականին և օգտագործվել է Նյուքասլից Սիդնեյ ածուխ տեղափոխելու համար՝ մինչև 1972 թվականին չորոշվեց այն ուղարկել Սիդնեյի Homebush Bay ծովածոց, որտեղ էլ այն գտնվում է մինչ այսօր:
Հատկանշական է, որ մինչև 2000 թվականի Օլիմպիական խաղերը ծոցում հաճախ տեղի են ունեցել նավերի խորտակումներ, այս վայրը նույնիսկ կոչել են նավերի գերեզմանոց: Չնայած դրան՝ SS Ayrfield-ը դեռևս ջրի վրա է: Այս տարիների ընթացքում նրա վրա աճել են մանգլենի ծառեր՝ ստեղծելով իրական մացառուտ:
Իհարկե, «Լողացող անտառը» հատկապես գեղեցիկ է մայրամուտին: Ամբողջ աշխարհից լուսանկարիչներ են գալիս Սիդնեյ, որպեսզի լուսանկարեն եզակի վկայությունն այն բանի, թե ինչպես է բնությունը վերամարմնավորում այն ամենն, ինչ ստեղծում է մարդը: