Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդի արվարձանում նախատեսվում է կառուցել Եվրոպայի ամենամեծ ժամանցային համալիրը: «Մինի Las Vegas-ի» շինարարությամբ կզբաղվի ամերիկացի միլիարդատեր Շելդոն Ադելսոնը, ով աշխարհին հայտնի է իր հավակնոտ ծրագրերով: Զվարճանքի քաղաքում կլինեն 12 հյուրանոց` 35 հազար տեղով, վեց խաղատուն` ավելի քան հազար խաղասեղաններով, 18 հազար խաղային մեքենաներով, փակ դահլիճ 20 հազար հանդիսատեսի համար, գոլֆի երեք դաշտ: Նախագծի արժեքը գնահատվում է 15-17 միլիարդ եվրո:
5 միլիոն քառակուսի մետր շինարարական տարածքի, որը կկառուցվի մայրաքաղաքային Բարահաս օդանավակայանի մոտ, միայն 3%-ը կտրամադրվի խաղատան համար, մնացած տարածքները կօգտագործվեն այլ կոմերցիոն ծրագրերի համար: Մասնավորապես, խոսքը տարբեր միջազգային ցուցահանդեսների և համաժողովների անցկացման մասին է` օգտագործելով արդեն իսկ գործող Մադրիդի IFEMA խոշոր ցուցահանդեսային համալիրի տարածքները:
Եվրոպայում այս մեգանախագծի հաջող իրականացման համար կծառայի նաև աշխարհի խոշորագույն միջազգային մայրաքաղաքային օդանավակայանը, որը ներկայումս ծանրաբեռնված է 70%-ով և կարող է առանց հավելյալ ներդրման մեծացնել կարողությունները մինչև 70 միլիոն ուղևոր մեկ տարում: Այս բոլոր գործոնները, անկասկած, Շելդոն Ադելսոնը հաշվի է առել` այդ հսկա համալիրի կառուցման վայրը ընտրելիս: Որպես այլընտրանք` ամերիկացի մեծահարուստին առաջարկվել է նաև Կոստա դել Սոլը, Բարսելոնը և Վալենսիան:
Ամերիկացի միլիարդատեր Շելդոն Ադելսոնը հանդիսանում է Las Vegas Sands Corp. (LVS) ընկերության հիմնադիրը, աշխարհի ամենամեծ խաղատան սեփականատերը: Լաս Վեգասում LVS-ը ունի և ղեկավարում է Venetian Resort Hotel Casino հյուրանոց-խաղատունը, որին հարում են ցուցահանդեսային համալիրը և համաժողովների կենտրոնը, և The Palazzo Resort Hotel Casino հյուրանոց-խաղատունը: